Գրիպի վիրուսների մեծ մասը ներթափանցում է մարդու կամ կենդանիների բջիջները բջջի մակերեսի հատուկ ուղիներով: Ցյուրիխի համալսարանի գիտնականները պարզել են, որ որոշ մարդկային և թռչնագրիպի վիրուսներ բջիջները վարակելու համար կարող են օգտագործել նաև երկրորդ մուտքի ուղին` իմունային համակարգի սպիտակուցային համալիրը: Այս ունակությունն օգնում է վիրուսներին վարակել կենդանիների տարբեր տեսակներ և, միգուցե, կենդանիներից անցնել մարդկանց, գրում է գիտաբժշկական News Medical Life Sciences հանդեսը։
Թռչունների և խոզերի մեջ շրջանառվող A գրիպի վիրուսների մեծ մասը սովորաբար մարդու առողջության համար վտանգավոր չէ: Սակայն այս վիրուսները կարող են սպառնալիք դառնալ այնպիսի բռնկման դեպքում, ինչպիսին ներկայում ԱՄՆ-ում նկատվող կաթնատու անասունների շրջանում գրիպի բռնկումն է կամ մոլեգնող սեզոնային համաճարակները: Նշված վիրուսը հազվադեպ կարող է տարածվել կենդանիներից մարդկանց և հանգեցնել կործանարար հետևանքների, ինչպիսին համաշխարհային համավարակն է:
Գրիպի վիրուսների մեծ մասը ներթափանցում է օրգանիզմի բջիջներ՝ օգտագործելով թաղանթի սպիտակուցները, որոնք մակերեսից դուրս են ցցվում փշերի պես: Այսպես կոչված հեմագլուտինինը կապվում է մարդու և կենդանիների տարբեր տեսակների բջիջների մակերեսին հայտնաբերված քիմիական խմբի՝ սիալաթթվի հետ։
միջազգային հետազոտական թիմն Ցյուրիխի համալսարանի Բժշկական վիրուսաբանության ինստիտուտի (UZH) պրոֆեսոր Սիլկե Ստերցի գլխավորությամբ ապացուցել է, որ գրիպի վիրուսներն ունեն նաև օրգանիզմի բջիջները վարակելու երկրորդ եղանակը:
Հետազոտողները պարզել են, որ հեմագգլուտինինը նաև կապվում է MHC II դասի սպիտակուցային համալիրների հետ։ Որոշ իմունային և շնչառական բջիջների մակերեսի վրա գտնվող այս բարդույթները պատասխանատու են մարմնի սեփական բջիջների և օտար բջիջների տարբերակման համար:
«Մենք պարզեցինք, որ մարդկանց, խոզերի, բադերի, կարապների և հավերի II դասի MHC համալիրները վիրուսներին թույլ են տալիս թափանցել բջիջներ, միայն թե ոչ չղջիկների բջիջները», - պարզաբանում է պրոֆեսոր Ստերթցը:
Կենդանիներից մարդուն վիրուսի փոխանցումը չի բացառվում։ Բջիջները վարակելու այս երկակի կարողությունը նկատվել է լաբորատոր աճեցված բջջային գծերում և մարդու շնչառական ուղիների մանրէներում:
Այն, թե որքանով է վիրուսային ընկալիչը տեղավորվում բջջի մակերեսային կառուցվածքների մեջ, կարևոր դեր է խաղում օրգանիզմի տեսակի, հյուսվածքների վարակվածության և, ի վերջո, վարակի ծանրության որոշման հարցում: Ընկալիչների առանձնահատկությունը միաժամանակ անդրադառնում է նրա վրա, թե արդյոք վիրուսը կարող է վարակել կենդանիների տարբեր տեսակներ կամ նույնիսկ մարդկանց (զոոնոզ՝ կենդանաբանական վարակ): Զոոնոզները՝ կենդանաբանական վարակները վարակիչ և մակաբուծական հիվանդությունների խումբ են, որոնց հարուցիչները մարդուն փոխանցվում են այլ կենդանիներից։ Զոոնոզների և անթրոպոնոզների հարուցիչներն են միաբջիջները, վիրուսները, բակտերիաները, սնկերը, հելմինտները և մակաբույծ տիզերը։
«Մեր բացահայտումը ցույց է տալիս, որ ներթափանցման տարբեր ուղիներ օգտագործելու համար գրիպի վիրուսները կարող են հարմարվել: Սա կարող է ազդել տարբեր տեսակներ վարակելու նրանց ունակության վրա և պոտենցիալ կերպով կենդանիներից մարդկանց տեղափոխել»,- ընդգծում է վիրուսաբանը։
Այսպիսով, վտանգը, որ թռչնագրիպի, խոզագրիպի և այլ կենդանիների գրիպի վիրուսները կարող են մարդկանց շրջանում գրիպի համավարակ առաջացնել, կարող է ավելի մեծ լինել, քան նախկինում ենթադրվում էր: Բջիջներ ներթափանցելու համար MHC II դասի սպիտակուցներ օգտագործելու կարողությունը թերևս պատճառներից մեկն էր, որ դեռևս 1957 թվականին Ասիայում H2N2 գրիպի վիրուսը դարձավ համավարակային վիրուս: Գիտնականների համոզմամբ՝ սա ևս մեկ համոզիչ պատճառ է ուժեղացնելու համար գրիպի համաշխարհային հսկողությունը ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց շրջանում:






