Հնդկաստանի Պատանջալի համալսարանի գիտնականները հայտանաբերել են, որ յուղալի ձուկը, քրքումը, անխառն հացազգիները, մրգերը, բանջարեղենը, կանաչ թեյն ու խաչածաղկավոր բանջարեղենը հարուստ են օգտակար նյութերով, որոնք օժտված են հակաքաղցկեղային հատկություններով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Screening and Prevention հանդեսում:
Գիտնականների աշխատանքը ներկայացնում է գիտական տեսություն. այն հիմնված է ճիշտ սնուցման առավելությունների վերաբերյալ նախորդ հետազոտությունների արդյունքների վրա՝ քաղցկեղի կանխարգելման և բուժման ռազմավարությունների շրջանակում: Հնդկաստանի հետազոտողները կենտրոնացել են քաղցկեղի առաջացման վտանգը նվազեցնող հատուկ սննդանյութերի որոնման վրա:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մթերքների մի քանի խմբեր ընդգծված հակաքաղցկեղային հատկություններով են օժտված: Օրգանիզմի բջիջները վնասից պաշտպանող մրգերը, բանջարեղենը, լոբին, ոսպը և կանաչ թեյը բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր, ինչպես նաև հակաօքսիդանտներ՝ բուսական միացություններ են պարունակում: Անխառն հացազգիները (դարչնագույն բրինձը, վարսակը, ամբողջահատիկ հացը) հարուստ են բջջանյութով, որն օգնում է օրգանիզմից հեռացնել քաղցկեղածին նյութերը և կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
Առողջության համար ոչ պակաս կարևոր են յուղալի ձկները (սաղմոնը, սկումբրիան, սարդինան), որոնք պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն և խոչընդոտում են ուռուցքների աճը։ Խաչածաղկավոր բանջարեղենները (բրոկկոլին, ծաղկակաղամբը և բրյուսելյան կաղամբը) պարունակում են սուլֆորաֆան՝ նյութ, որը կարող է միաժամանակ ոչնչացնել քաղցկեղի բջիջները։ Որոշ համեմունքներ, օրինակ՝ քրքումը, իրենց հակաբորբոքային և հակամանրէական հատկությունների շնորհիվ, ի վիճակի են կանխելու քաղցկեղը։
Եվ հակառակը, հետազոտողները հավելել են, որ սննդամթերքների որոշ կատեգորիաներ էլ կան, որոնք հայտնի են քաղցկեղ հրահրելու իրենց հատկություններով: Դրանց թվին են պատկանում կարմիր և վերամշակված միսը, ալկոհոլը, բարձր վերամշակված մթերքները, հագեցած ճարպերը և շաքարի հավելումներ պարունակող մթերքները:






