Հավասարակշռված սննդակարգը մանուկ և երիտասարդ տարիքում օրգանիզմին հսկայական պաշար է տալիս ամբողջ կյանքի ընթացքում առողջ լինելու, այդ թվում  ճանաչողական ունակությունների պահպանման համար: Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել՝ հիմնվելով Մեծ Բրիտանիայում գրեթե 70 տարի շարունակվող հետազոտության արդյունքների վրա:

Այս ամբողջ ընթացքում մասնագետների ուշադրության կենտրոնում է եղել 3000 բրիտանացիներից բաղկացած խումբը։ Փորձի մասնակիցներին հետևել են նրանց 4-ից մինչև 70 տարեկանը: Պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի շատ կերել են բանջարեղեն, մրգեր, հատիկաընդեղեն և ամբողջական ձավարեղեն և ավելի քիչ՝  աղ, ավելացված շաքար և ռաֆինացված հացահատիկ, ծեր տարիքում ավելի լավ ճանաչողական գործառույթ են ունեցել:

Բացահայտվել է նաև հակադարձ փոխկապակցությունը․ ճանաչողական բարձր ունակություններ դրսևորած տարեցների խմբում 8%-ն ամբողջ կյանքում սնվել է ցածրորակ, իսկ 36%-ը՝ բարձրորակ սննդակարգով։ Ծեր տարիքում ճանաչողական ցածր ունակություններ ունեցող մարդկանց շրջանում 58%-ը հայտնել է, որ վատ է սնվել կյանքի ընթացքում, և միայն 7%-ն է հետևել սննդակարգի:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք սկսել են առողջ սնունդ օգտագործել վաղ, հատկապես մանուկ և երիտասարդ տարիքում, ավելի լավ են պահպանել հստակ մտածողությունը: «Սա վկայում է, որ վաղ տարիքում որոշակի մթերքների օգտագործումը կարող է հետագայում ազդեցություն ունենալ մեր սննդակարգի ընտրության վրա, և որ ժամանակի ընթացքում մեր սննդակարգի տեսակը ազդում է ճանաչողական կարողությունների զարգացման և պահպանման վրա», - նշել է հետազոտության համահեղինակ, Թաֆթսի համալսարի գիտաշխատող Քելլի Կարան: 

Կարան ուսումնասիրության առաջին, դեռևս չհրապարակված արդյունքները ներկայացրել է Չիկագոյում անցկացված Սննդի ամերիկյան ընկերության տարեկան համաժողովում: Գիտնականների համար դեռ պարզ չէ, թե ինչպես է առողջ սննդակարգն ազդում մտավոր գործառույթների վրա։ Չի բացառվում, որ փոքր տարիքի երեխաները ճանաչողական խթան են ստանում վիտամիններով հարուստ սննդակարգից, որը պահպանվում  է նրանց մեծանալուն զուգընթաց:

Հետազոտության արդյունքները նաև ընդգծում են «սննդակարգի երկարաժամկետ ազդեցությունը, քանի որ ուղեղի փոփոխությունները, որոնք հանգեցնում են ճանաչողական կարողությունների նվազման և տկարամտության, կարող են սկսվել հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց տարիներ կամ տասնամյակներ առաջ»: Euronews-ին տված հարցազրույցում այս շեշտադրումն է արել  բելգիացի հետազոտող Բուշրա Դալիլեն, որը զբաղվում է  սննդակարգի, աղիքների առողջության և սթրեսի միջև կապի ուսումնասիրությամբ:

Ճանաչողական կարողությունները հիմնականում բարելավվում են միջին տարիքում, բայց նվազում են 65 տարեկանից հետո:  Այդ ժամանակ կարող են ի հայտ գալ ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ դեմենցիան։ Ըստ Դալիլեի, սննդակարգի տեսակը անմիջապես չի հանգեցնում տեսանելի արդյունքների, ուստի չափազանց կարևոր է երիտասարդ տարիքում հոգ տանել ափսեի պարունակության մասին։

Հետազոտության հեղինակները նշել են, որ առայժմ ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի հիմնականում սպիտակամորթ բնակչությանը՝ խոստանալով լրացուցիչ ուսումնասիրություն անել՝ սննդակարգի և ուղեղի առողջության միջև կապը տարբեր խմբերում, այդ թվում՝ ռասայական խմբերում ավելի լավ հասկանալու համար: