Իլինոյսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ յոգուրտը մեղրով քաղցրացնելն օգնում է պահպանել պրոբիոտիկ միկրոօորգանիզմները, որոնք նպաստում են նորմալ մարսողությանը եւ աղիների առողջությանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition-ում։
Հետազոտողները նշել են, որ հունական եւ այլ տեսակի յոգուրտները պարունակում են պրոբիոտիկ բակտերիալ շտամներ, ինչպիսին է Bifidobacterium animalis-ը։ Պրոբիոտիկները մարդու համար ոչ պաթոգեն միկրոօրգանիզմներ են, որոնք կարող են վերականգնել օրգանների նորմալ միկրոֆլորան, ինչպես նաեւ կործանարար ազդեցություն ունենալ պաթոգեն եւ պայմանական-պաթոգեն մանրէների վրա։
Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ որոշակի պրոբիոտիկների օգտագործումը կարող է նպաստել մարսողական համակարգի առողջությանը եւ աղիների մշտական գործունեությանը, ինչպես նաեւ դրական ազդեցություն ունենալ տրամադրության ու կոգնիտիվ հատկությունների վրա։
Հետազոտողները լաբորատոր փորձ են կատարել, որի շրջանակում ուսումնասիրել են մեղրի չորս տարբեր տեսակների (առվույտի, հնդկաձավարի, երեքնուկի եւ նարնջի ծաղիկների) ազդեցությունը յոգուրտի B. Animalis-ի կենսունակության վրա ի հաշիվ մարսման պրոցեսների իմիտացիայի։ Երկրորդ փուլում գիտնականները միկրոբները տեղակայել են լաբորատոր անոթներում այն լուծույթներով, որոնք նման են եղել թքի, ստամոքսաթթվի, աղիքային լորձի եւ ֆերմենտների բաղադրությանը։
Արդյունքները ցույց են տվել, որ մեղրի ավելացումը պրոբիոտիկներին օգնել է պահպանել դրանց օգտակար հատկությունները մինչեւ աղիներում հայտնվելու պահը։ Գիտնականները նշել են, որ նման արդյունքի հասնելու համար բավական է մեկ ճաշի գդալ մեղրը խառնել մեկ բաժին յոգուրտին։






