Եթե ​​նկատել եք անսպասելի հայտնված կնճիռներ, մարմնի (ոսկորների, հոդերի և մկանների) ճմլկոտվածք կամ ընդհանուր զգացողություն, որ գրեթե մեկ գիշերվա ընթացքում ծերացել եք, դա թերևս գիտական ​​բացատրություն ունի:

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ծերացումը դանդաղ և կայուն գործընթաց չէ, այլ, ծայրահեղ դեպքում տեղի է ունենում երկու արագացված ոստյուններով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging հանդեսում:

Ուսումնասիրությունը վերլուծել է հազարավոր տարբեր մոլեկուլներ 25-75 տարեկան մարդկանց օրգանզիմում և հայտնաբերել տարիքային փոփոխությունների երկու հիմնական ալիք՝ մոտավորապես 44 տարեկանում և վերստին՝ 60 տարեկանում:

Գիտնականներն ասում են, որ ստացված արդյունքները թերևս բացատրում են՝ ինչու են որոշակի տարիքում առաջանում առողջական խնդիրներ, ներառյալ հենաշարժական համակարգի ու սրտանոթային հիվանդություններին առնչվող խնդիրների պոռթկումներ:

Մոլեկուլների և մանրէների մեծ մասի առատությունը աստիճանաբար չի փոխվել՝ ըստ ժամանակագրական կարգի։ Երբ գիտնականները փնտրոււմ էին ամենամեծ փոփոխություններով մոլեկուլների կուտակումները, նրանք պարզել են, որ այդ փոփոխություններն, իբրև կանոն, տեղի են ունենում 40-60 տարեկանում:

40 տարեկանից հետո ծերացման կտրուկ աճն անսպասելի էր և ի սկզբանե ենթադրվում էր, որ այն առնչվում է կանանց օրգանիզմում դաշտանադադարի փոփոխության հետ, ինչը հանգեցրել է ամբողջ խմբի համար արդյունքների խեղաթյուրման: Սակայն տվյալները ցույց են տվել, որ նմանատիպ փոփոխություններ են կատարվում 40 տարեկանից բարձր տղամարդկանց օրգանիզմում։

Փոփոխությունների առաջին ալիքը ներառում էր մոլեկուլներ, որոնք առնչվում էին սրտանոթային հիվանդություններին և կոֆեինի, ալկոհոլի և լիպիդների յուրացման ունակությանը:

Փոփոխությունների երկրորդ ալիքը ներառում էր իմունային կարգավորման, ածխաջրերի նյութափոխանակության և երիկամների աշխատանքի մեջ ներգրավված մոլեկուլներ: Մաշկի և մկանների ծերացմանն առնչվող մոլեկուլները երկու դեպքում էլ փոխվել են: