Science Immunology ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն, նյութափոխանակության և իմունիտետի ժառանգական հիվանդություններն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան նախկինում ենթադրվում էր: Ստացված տվյալները բացահայտել են նյութափոխանակության գեների նոր խումբ, որոնք կարևոր են իմունային համակարգի T բջիջների գործունեության  համար և պատկերացում են տալիս, թե ինչպես կարելի է բարելավել այս հիվանդություններով տառապողների խնամքը:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են այն գեները, որոնք առաջացնում են նյութափոխանակության բնածին խանգարումներ (բջիջների կողմից սնունդը էներգիայի վերածելու գործընթացների խանգարումներ) և իմունային համակարգի բնածին խանգարումներ (խանգարումներ, որոնք ազդում են իմունային համակարգի աշխատանքի վրա): Այս հազվագյուտ և բարդ հիվանդությունները լավ ուսումնասիրված չեն:

«Նախկինում երկու հիվանդությունների ցանկում կային միայն սակավաթիվ գեներ, բայց մենք պարզեցինք, որ դրանցից շատերը համընկնում են, - ասում է ուսումնասիրության գիտաշխատակից  Էնդրյու Պատերսոնը:- Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծ թվով գեներ, որոնք կապված են նյութափոխանակության բնածին խանգարումների հետ, կարող են ազդել նաև T բջիջների ֆունկցիայի վրա, երբ դրանք մուտացիայի են ենթարկվում»:

Ստացված տվյալները վկայում են, որ նյութափոխանակության բնածին խանգարմամբ հիվանդները կարող են ունենալ նաև իմունային արատներ, որոնք կարող են ազդել նրանց բուժման վրա, և, ընդհակառակը, նյութափոխանակության արատները կարող են նպաստել իմունիտետի բնածին խանգարմամբ  հիվանդների մոտ ախտանիշների առաջացմանը:

Ըստ գիտնականների՝ այս հիվանդությունները տարբեր կատեգորիաներ չեն, այլ մեկ ամբողջության մաս. դրանց միջև գոյություն ունի գորշ գոտի և իմունանյութափոխանակության բնածին խանգարումների նոր դաս, որը հատում է այն: