Ըմպելիքներում և հատկապես լիմոնադում, Կոկա-Կոլայում, էներգետիկ ըմպելիքներում և այլնի մեջ շաքարի չափազանց մեծ պարունակությունը նոր խնդիր չէ, սակայն օրենսդրական որոշիչ փոփոխություններ չեն կիրականացվում։

Սպառողների իրավունքների պաշտպանության Foodwatch կազմակերպության չորեքշաբթի հրապարակած շուկայի նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ փորձարկված 136 ըմպելիքներից 117-ում (86 տոկոս) շաքարի պարունակությունը բարձր է առաջարկվող նորմայից՝ 100 միլիլիտրում 5 գրամից, հաղորդում է DW-ն:

Իսկ կեսից ավելին էլ ավելի շատ շաքար է պարունակում՝ 8 գրամ 100 միլիլիտրում: Սա նշանակում է, որ մեկ բաժակ լիմոնադը պարունակում է միջինը շաքարի վեցուկես կտոր, ինչը, առողջ սնվելու տեսանկյունից, չափազանց շատ է։

Հետազոտության համար ըմպելիքներ են գնվել գերմանական հինգ խոշոր սուպերմարկետներից երեխաների համար նախատեսված փաթեթավորմամբ՝ կենդանիների և մուլտհերոսների գունավոր նկարներով:

Foodwatch-ի ներկայացրած տագնապալի թվերը կոչված են ազդանշան դառնալ քաղաքական գործիչների համար՝ ընդունելու երկար սպասված օրենսդրական փոփոխություններ՝ ազգի առողջությունը պահպանելու համար։

Ըստ Foodwatch-ի, որոշ մթերքների միայն մեկ տարան կամ մեկ փաթեթը կարող է բավարար լինել Գերմանիայի մանկական սնուցման ընկերության սահմանած շաքարի առավելագույն չափը՝ օրական 25 գրամը գերազանցելու համար: Ավելորդ է ասել, որ նորման գերազանցելը առողջության համար ռիսկի հիմնական գործոն է: Հետևանքները կարող են ներառել այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են ճարպակալումը, շաքարախտը և ատամների քայքայումը: Խանութից գնված չափազանց քաղցր ըմպելիքների այլընտրանք  կարող է լինել կիտրոնով, անանուխով կամ հատապտուղներով տնական ըմպելիքը:

Սպառողների շահերի պաշտպանները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վաղուց կոչ են արել կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը շտկելու համար, խնդիր, որն առկա է ամբողջ աշխարհում: Դրանցից մեկը կարող է լինել շաքարով քաղցրացված զովացուցիչ ըմպելիքների և էներգետիկ ըմպելիքների նկատմամբ հարկի սահմանումը։

Մասնավորապես, կոչեր են հնչում ոչ միայն «շաքարի հարկ» մտցնելու, այլև դրույքաչափը բավական բարձր դարձնելու համար, որպեսզի արտադրողներին ստիպեն արմատապես փոխել արտադրանքի բաղադրատոմսերը և այդպիսով սահմանափակեն շաքարի չափից ավելի օգտագործումը, հիմնականում երեխաների կողմից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է նշանակել առնվազն 20 տոկոս: Եվրոպական շատ երկրներ արդեն հետևել են այս առաջարկությանը։ Սակայն արդյունքները միանշանակ չեն։ Մեծ Բրիտանիայում ստեղծված մոդելն իրեն լավագույնս է դրսևորել։

Բացի հարկի ներմուծումից, առաջարկվում է նաև արդյունավետ գովազդային սահմանափակումներ սահմանել վնասակար ապրանքների նկատմամբ և սահմանել տարիքային սահմանափակում էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար։ Բացի այդ, փորձագետների կարծիքով, Գերմանիան պետք է շարունակի իրագործել Գերմանիայի 2018 թվականի ազգային ռազմավարությունը, որում մի քանի արդյունաբերություններ կամավոր պարտավորվել են մինչև 2025 թվականը կրճատել ել սննդի մեջ շաքարի, ինչպես նաև աղի և ճարպըերի ավելացումը:

Միևնույն ժամանակ, սննդամթերքի շատ ասոցիացիաներ դեմ են գազավորված ըմպելիքի  հարկին և պնդում են, որ ճարպակալումը և այլ հիվանդություններ կապված չեն միայն սննդի հետ, այլ ունեն ավելի լայն պատճառներ:

Աշխարհում ավելանում է ճարպակալումով  և շաքարախտով տառապող մարդկանց թիվը։ Գերմանիայում գրեթե ամեն հինգերորդ մարդն ունի այս հիվանդությունները։ Իսկ չափահաս բնակչության մոտ կեսը նորմայից մի քանի կիլոգրամ ավելի է կշռում: Գերմանացիների ավելի քան յոթ տոկոսը տառապում է շաքարախտով: Գիտնականները կարծում են, որ այս հիվանդությունները հիմնականում առաջանում են շաքարի չափից ավելի օգտագործումից:

Ընթացիկ հետազոտությունը ներկայացրած կազմակերպության անվանումը՝ Foodwatch, առաջացել է անգլերենից և նշանակում է «սննդի մոնիտորինգ»։ Այն հիմնադրվել է 2002 թվականին որպես շահույթ չհետապնդող ասոցիացիա, որը կենտրոնացած է սպառողների իրավունքների և սննդի որակի վրա: Foodwatch-ը ֆինանսավորվում է ներդրումներից և նվիրատվություններից և չի ստանում պետական ​​սուբսիդիաներ: