Բրիտանացի գիտնականները Լիդսի համալսարանից (UOL) Էդինբուրգի համալսարանի գործընկերների հետ համատեղ ստեղծել են ամբողջ աշխարհում 170 տարվա ընթացքում օդի աղտոտման առաջին դիագրամները։ Հետազոտությունը հրապարակվել է Լիդսի համալսարանի պաշտոնական կայքում։

Թիմն ստեղծել է դիագրամներ, որոնք ցույց են տալիս PM 2.5 միկրոփոշու մթնոլորտային խտությունները աշխարհի մայրաքաղաքներում 1850-2021թթ. ընթացքում։

PM 2,5-ը կապում են առողջական բազմաթիվ խնդիրների հետ՝ շնչառական խնդիրներից (ասթմա եւ այլն) մինչեւ թոքերի առողջության վատացում, քաղցկեղի եւ սրտային հիվանդությունների, դիաբետի, Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների առաջացման հավանականություն։

Փորձագետներն իրենց աշխատանքում օգտագործել են համակարգչային մոդելավորման եւ արբանյակային դիտարկումների տվյալները՝ գնահատելու համար պինդ մասնիկների պարունակությունը մթնոլորտում արդյունաբերական հեղափոխությունից ի վեր։

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, անցած 170 տարիներին Եվրոպայում նկատելիորեն վատացել է օդի որակը։ Ամենից շատ դա նկատվում է արեւմտյան Եվրոպայի երկրներում։

Միեւնույն ժամանակ, Կենտրոնական Ասիայում եւ Աֆրիկայի որոշ հատվածներում օդը դարձել է շատ ավելի կեղտոտ արագ ուրբանիզացման եւ արդյունաբերության զարգացման պատճառով։

Օդի մաքրության վրա զգալի ազդեցություն են թողնում պինդ մասնիկների բնական աղբյուրները, ինչպիսին են անտառային հրդեհները եւ անապատային փոշին։

Նախագծի դիագրամները օգտագործում են միջին տարեկան մեծությունը, որպեսզի հաշվի առնեն վերելքներն ու անկումները եղանակային պայմանների փոփոխությունների պատճառով տարվա ընթացքում եւ դյուրինացնեն տեղերի միջեւ համեմատությունը։ Սակայն հետազոտողները նշել են, որ շատ բարձր մակարդակների անգամ կարճաժամկետ ներգործությունը կարող է արագ հանգեցնել սուր հետեւանքների առողջության համար, ինչը բուժում կպահանջի։

Նախագծի հեղինակների խոսքով՝ իրենք ակնկալում են, որ այս հետազոտությունը կօգնի գլոբալ առաջընթացի հասնել օդի որակի եւ մարդկության առողջության պահպանման համար մղվող պայքարում։