Գենոմի կարգավորման կենտրոնի (CRG) հետազոտողները քաղցկեղ առաջացնող հարյուրավոր պոտենցիալ նոր գեներ են հայտնաբերել:

Nature Communications հանդեսում հրապարակված արդյունքները այս հիվանդության մոնիտորինգի համար զգալիորեն ընդլայնում են դրա դեմ պայքարի հնարավոր թերապևտիկ թիրախների ցանկը:

Քաղցկեղի հիմնական պատճառը գեների մուտացիաներն են։ Դրանք ընդունակ են փոխել սպիտակուցների ձևն ու գործառույթը՝ խաթարելով բջջի բնականոն գործունեությունը։

Ըստ աշխարհում ամենաշատ օգտագործվող քաղցկեղի մուտացիաների տվյալների բազայի՝ COSMIC-ի, գոյություն ունեն 626 գեներ, որոնք մուտացիայի դեպքում բջիջների անվերահսկելի աճի և գոյատևման են հանգեցնում:

Սրանք դեղորայքի կարևորագույն թիրախներ են: Հետազոտությունը կանխատեսում է, որ նույնքան տարածված են ոչ մուտացիոն մեխանիզմները:

Գիտնականները ալգորիթմ են կիրառել՝ 813 գեն գտնելու համար, որոնք օգնում են քաղցկեղի բջիջներին վերարտադրվել հաճախ անտեսված մոլեկուլային մեխանիզմում, որը հայտնի է որպես սփլայսինգ (RNA splicing)՝ ՌՆԹ-ի մոլեկուլներից որոշակի նուկլեոտիդային հաջորդականությունների անջատման և ՌՆԹ-ի մշակման ընթացքում «հասուն» մոլեկուլում պահպանված հաջորդականությունների միացման գործընթացը:

Ինչպես մուտացիաների դեպքում, այնպես էլ սփլայսինգի վրա կարող են ազդել հիվանդության առաջընթացը վերահսկող դեղամիջոցները:

«Հաշվի առնելով ոչ մուտացիոն մեխանիզմները, մասնավորապես՝ սփլայսինգը, կարծում ենք, որ քաղցկեղի դեմ պայքարելու համար պոտենցիալ գենային թիրախներ երկու անգամ ավելի շատ կարող են լինել:

Սրանք դասական օնկոգեններ չեն, այլ ավելի շուտ քաղցկեղի պոտենցիալ գործոնների մի ամբողջ նոր դաս, որը կարող է թիրախավորվել առանձին կամ գոյություն ունեցող ռազմավարությունների հետ համատեղ:

Սա ուսումնասիրության համար աներևակայելի հետաքրքիր նոր սահման է»,-պարզաբանում է հետազոտության համահեղինակ Միկել Անգլադա-Ջիրոտոն: