Սկլերոդերմիան կանանց աուտոիմունային քրոնիկական հիվանդություն է։ Դրանով տառապող մարդկանց մոտ ժամանակի ընթացքում առաջանում է անշրջելի սպիացում։ Ֆիբրոզ կոչվող սպիները ախտահարում են թոքերը, սիրտը եւ երիկամները, ինչը հանգեցնում է կյանքի որակի վատացման, հաշմանդամության եւ կյանքի տեւողության կրճատման։ Կա այն դանդաղեցնելու, կանգնեցնելու եւ իսպառ վերացնելու ռազմավարությունների մշակման անհրաժեշտություն։

Այդ նպատակով Միչիգանի համալսարանի գիտնականները ստեղծել են հատուկ ծրագիր, որը միավորում է գիտնականներին, գործող բժիշկներին եւ մասնագետներին սկլերոդերմիայի բուժման միջոցների որոնման համար։

Գիտնականները պարզել են, որ CD38 ֆերմենտը, որը մասնակցում է մետաբոլիզմին ծերացման ժամանակ, բարձր է սկլերոդերմիայի դեպքում եւ ընկած է ֆիբրոզի հիմքում։ Նրանք ստեղծել են հակամարմին, որն արգելակում է CD38 ֆերմենտատիվ ակտիվությունը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Այդ հակամարմինները կազմված են միայն ծանր շղթաներից, ինչը դրանք ավելի սելեկտիվ, կայուն եւ տարբերակիչ է դարձնում։

Մկների վրա թեստավորման ժամանակ այդ հակա- CD38-ները գրեթե լիովին կանխել են սպիների առաջացումը եւ հյուսվածքների բորբոքումը։ Հակամարմիններով բուժումը վերացրել է նաեւ մետաբոլիկ խանգարումները սկլերոդերմիայի մոդելում։

Հետաքրքիր է, որ CD38 բարձր մակարդակը նախկինում կապում էին տարիքային տարբեր հիվանդությունների, բջջային ծերացման եւ փխրունության հետ, ինչը զուգահեռներ անցկացնելու առիթ է տալիս սկլերոդերմիայի եւ ծերանալու միջեւ եւ նոր ուղղություններ է բացում դրա հետազոտման համար։

Հենվելով այդ բացահայտումների վրա՝ Միչիգանի եւ Մայոյի միավորված թիմն այժմ աշխատում է CD38-ի էլ ավելի անվտանգ ինհիբիտորների ստեղծման ուղղությամբ՝ սկլերոդերմիայի բուժման նպատակով։