Թեմփլի (Մեծ Բրիտանիա) Ալցհայմերի հիվանդության կենտրոնի (ACT) հետ աշխատող գիտնականները վերջերս ուսումնասիրել են առաջին քամվածքի ձիթապտղի յուղի ազդեցությունը ուղեղի առողջության և հիշողության վրա՝ պարզելու համար, թե արդյոք միջերկրածովյան սննդակարգի հիմնական բաղադրիչի՝ առաջին քամվածքի ձիթապտղի յուղն ի վիճակի է դանդաղեցնել Դաունի համախտանիշից տառապող մարդկանց ճանաչողական ունակությունների անկումը:

«Առաջին քամվածքի ձիթապտղի յուղի օգտակար ազդեցությունը հիշողության, սինապսի գործառույթի և նեյրոբորբոքման վրա Դաունի համախտանիշի մկնիկի մոդելի վրա» հոդվածը հրապարակվել է «Journal of Alzheimer's Disease» բժշկագիտական հանդեսում։

Դաունի համախտանիշը ֆիզիկական և մտավոր հետամնացության գենետիկայով պայմանավորված ​​ամենատարածված ձևն է, և թեև ժամանակակից բժշկության առաջընթացը նպաստել է կյանքի տևողության բարձրացմանը մոտ 40 տարուց մինչև միջինը 60 տարի, Դաունի համախտանիշից տառապող հիվանդների շրջանում Ալցհայմերի հիվանդության զարգացումն առավել, քան երբևէ տարածված է դարձել: Դաունի համախտանիշով մարդկանց շրջանում զարգանում է տարիքային ճանաչողական ունակությունների անկում և սինապտիկ դիսֆունկցիա: Հետազոտությունները ցույց են տվել, որ մինչև 40 տարեկանը Դաունի համախտանիշից տառապող մարդկանց շրջանում 50%-ը զգալի ուսմանն ու հիշողությանն առնչվող խնդիրներ ունի, որոնք կապված են Ալցհայմերի հիվանդությանը նմանվող խանգարումների առկայության հետ:

Օգտագործելով Դաունի համախտանիշի մկնիկի մոդելը՝ գիտնականները հինգ ամիս շարունակ փորձարարական կրծողների սննդակարգին ներառել են լրացուցիչ առաջին քամվածքի ձիթապտղի յուղ, որից հետո նրանք ստուգել են սովորելու կարողությունը և հիշողության խանգարումը: Այնուհետև չափվել է սինապսի գործառույթը, իսկ ուղեղի հյուսվածքները գնահատվել են բորբոքային կենսամարկերների առկայության պարագայում:

Գիտնականները պարզել են, որ մկներին, որոնց տրվել է առաջին քամվածքի ձիթապտղի յուղ, զգալիորեն բարելավել են ուսումնառությունը և տարածական հիշողությունը: Բացի դրանից, փորձարարական մկների շրջանում բարելավվել է սինապսի գործառույթը, իսկ որոշ բորբոքային կենսամարկերների մակարդակը նվազել է: