Գրանադայի կենսասանիտարական հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտը Մալագայի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի եւ Նանոբժշկության պլատֆորմի (IBIMA Plataforma BIONAND) հետ համագործակցությամբ իրականացրել է հետազոտություն, որում ուսումնասիրել է տարեց մարդկանց մկանային ուժի եւ հոգեկան առողջության միջեւ փոխադարձ կապը։
Հետազոտությանը մասնակցել է 90 մտավոր առողջ տարեց մարդ (57 տոկոսը՝ կանայք), այն առաջարկում է նոր հեռանկարներ, թե ինչպես կարող է ֆիզիկական պատրաստվածությունն ազդել տարեց մարդկանց հոգեկան բարեկեցության վրա։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Clinical and Health Psychology ամսագրում։ Այն կենտրոնացել է մկանային ուժի գնահատման վրա տարբեր թեստերի օգնությամբ, ինչպիսին են բռնելու ուժը, կքանիստը, արմունկները եւ ծնկները ծալելու վարժությունները, ինչպես նաեւ այնպիսի ցուցանիշների օգնությամբ, ինչպիսին է Ֆիզիկական պատրաստվածության միջազգային սանդղակը (IFIS)։
Բացի այդ, գնահատվել են հոգեկան առողջության տարբեր ասպեկտները, ներառյալ տագնապը, դեպրեսիան, սթրեսը, կյանքից բավարարվածությունը, ինքնագնահատականը եւ հուզական բարեկեցությունը։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ գոյություն ունի զգալի կապ բռնելու ուժի եւ ինքնագնահատականի, իչպես նաեւ զգացվող ուժի եւ դեպրեսիայի ախտանշանների միջեւ»,- հայտնել են գիտնականները։
Բացի այդ, նրանց խոսքով՝ այս հետազոտության արդյունքներն «ընդգծում են լավ մկանային ուժի պահպանման կարեւորությունը ոչ միայն ֆիզիկական առողջության, այլեւ հոգեկան բարեկեցության համար տարեց հասակում»։






