Թել Ավիվի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ կարագը եւ բարձր աստիճանի մշակված մթերքները, ինչպիսին են հացը, թխվածքներն ու օսլան, կարող են սրել Կրոնի հիվանդությունը։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Միավորված եվրոպական գաստրոէնտերոլոգների (UEG-United European Gastroenterology) համաժողովում, որն ընթանում է Ավստրիայում։

Մոտ կես միլիոն բրիտանացի տառապում է Կրոնի հիվանդությամբ, որն ուղեկցվում է ուժեղ ցավերով, լուծով, հյուծմամբ եւ քաշի զգալի կորստով։ Որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել աղիների նեղացման, ինչը կդժվարացնի անցանելիությունը։ Բորբոքային այդ հիվանդությունն ունեցող պացիենտների մոտ մեկ երրորդը վիրաբուժական միջամտության կարիք է ունենում։

Նոր հետազոտությունը, որն իրականացվել է Կրոնի հիվանդություն ունեցող ավելի քան 100 պացիենտի շրջանում, պարզել է, որ ուլտրամշակված մթերքների մշտական օգտագործումը կարող է զգալիորեն ավելացնել ռեցիդիվների հավանականությունը։ Մեկ տարվա ընթացքում գիտնականները գրանցել են սրացումների դեպքեր, երբ պացիենտները դեղերը փոխելու, հոսպիտալացման կամ վիրահատության կարիք են ունեցել։ Փորձարկվողներին առաջարկվել է սնվելու օրագիր պահել, որպեսզի հետեւեն սննդաբաժնի փոփոխություններին։

Արդյունքները ցույց են տվել, որ հացի, թխվածքների, օսլայով մթերքների, կենդանական ծագման յուղերի եւ սփրեդների (կարագի բուսական անալոգներ) մեծ քանակությամբ օգտագործումը մեծացնում է Կրոնի հիվանդության կրկնվելու հավանականությունը երեք անգամ։ Գիտնականները կարծում են, որ դա կարող է կապված լինել էմուլգատորների՝ բաղադրիչները խառնելու համար օգտագործվող նյութերի առկայության հետ։ Բայդ այս եզրակացությունները հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։