Բուսական կաթը պարունակում է խտացուցիչներ, որոնք ի վիճակի են մարսողական խնդիրներ առաջացնել: Սակայն բուսական կաթն ավելի շատ բջջանյութ և E վիտամին է պարունակում, քան կովի կաթը:

Դրա մասին MedicalXpress (MedX) բժշկագիտական հանդեսին պատմել է ԱՄՆ Ֆրիդմանի սնուցման ոլորտում գիտության և քաղաքականության դպրոցի դոցենտ Դիանա ՄըքՔեյը։

Բուսական կաթը հացահատիկից, սերմերից, ընկույզից հանուկ (էքստրակտ) է՝ որոշակի համամասնությամբ ջրով բացված: Այս կաթը ցուցված է լակտոզայի նկատմամբ  դժվարակրելիությունից տառապող մարդկանց։

Այս մթերքը միաժամանակ անփոխարինելի է բուսակերների համար, քանի որ կենդանական ծագման մթերք չի պարունակում:

Փորձագետը նշել է, որ բուսական կաթ արտադրողները կարող են արտադրանքի մեջ թանձրացուցիչներ և կայունացուցիչներ ավելացնել, մասնավորապես՝ կալցիումի ֆոսֆատ, դինատրիումի ֆոսֆատ և կարագինան՝ դրա խտությունը բարելավելու համար, քանի որ բնույթով այն ավելի ջրալի է։ ՄըքՔեյի համոզմամբ՝ մարդկանց մեծամասնությունն այս հավելումները մարսելու առումով խնդիր չունի, թեև ոմանք կարող են ստամոքսի խանգարում ունենալ: Նման դեպքերում նա խորհուրդ է տալիս փորձել բուսական կաթի մի քանի տեսակներ և ընտրել առավել համապատասխան տարբերակը։

Գիտնականը նշում է, որ բուսական կաթն օժտված է մի շարք առավելություններով. դրա որոշ տեսակներ ավելի շատ բջջանյութ և E վիտամին են պարունակում, քան կովի կաթը։ Նշվում է, որ սոյայի կաթը սպիտակուցի բաղկացությամբ նման է կովի կաթին, սակայն բնականաբար կալցիում և D վիտամին չի պարունակում։ Բուսական կաթի բոլոր տեսակներն արտադրական գործընթացում հարստացվում են վերոնշյալ նյութերով։ Դա օգնում է արտադրանքը նմանեցնել կովի սննդային արժեքին:

ՄըքՔեյը միաժամանակ զգուշացնում է, որ բուսական կաթի բաղադրությունը զգալիորեն տարբերվում է՝ կախված ապրանքանիշից և տեսակից։ Նույնիսկ նույն ապրանքանիշի ներսում քաղցրացուցիչների և հավելումների քանակը կարող է տարբեր լինել: Ուստի գիտնականը սպառողներին խորհուրդ է տալիս ուշադիր ուսումնասիրել բաղադրությունը՝ ուշադրություն դարձնելով սպիտակուցի, կալցիումի, D վիտամինի և B12-ի պարունակությանը։