Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սպիրոնոլակտոն դեղամիջոցը, որը հաճախ նշանակվում է հիպերտոնիայի (արյան բարձր ճնշում) դեպքում, սրտի կաթվածից ապաքինվող մարդկանց շրջանում կարող է նվազեցնել սրտի անբավարարության վտանգը: Սակայն ըստ նոյեմբերի 17-ին Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի 2024 թվականի գիտական ​​նստաշրջանում ներկայացված վերջին գիտական ​​տվյալների՝ դա մահվան դեպքերի կամ սրտին առնչվող այլ լուրջ բարդությունների էական նվազման չի հանգեցրել: Հետազոտությունը միաժամանակ հրապարակվել է New England Journal of Medicine հանդեսում:

CLEAR SYNERGY հետազոտությունը (OASIS 9) ներառել է 14 երկրների ավելի քան 7000 չափահաս հիվանդի, որոնք սրտի ծանր նոպաներ են ունեցել: Հետազոտության նպատակն էր պարզել՝ արդյոք սրտի կաթվածից հետո սպիրոնոլակտոնի կանոնավոր օգտագործումը, անկախ նրանից, թե անձը ունեցել է սրտի անբավարարություն թե ոչ, ընդունա՞կ է ավելի լայն օգուտներ տալ սրտի անբավարարության և մահվան դեպքերը նվազեցնելու համար: Սպիրոնոլակտոնը որոշ հորմոններ արգելափակող հանքային կորտիկոիդային ընկալիչների անտագոնիստ դեղամիջոց է:

Հետազոտության մասնակիցներին պատահականորեն թեստային բուժում կամ ձևական պլացեբոյով բուժում էր նշանակվել (և ոչ հետազոտողները, ոչ մասնակիցները չգիտեին, թե որ խմբում են նրանք) չորս խմբերով՝ սպիրոնոլակտոն և հակաբորբոքային դեղամիջոց կոլխիցին; սպիրոնոլակտոն և պլացեբո; կոլխիցին և պլացեբո; կամ երկու պլացեբո:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ.

Սրտանոթային հիվանդություններից մահացության ընդհանուր ցուցանիշները նման էին սպիրոնոլակտոն և պլացեբո խմբերի միջև (համապատասխանաբար 3,2% ընդդեմ 3,3%-ի): Սպիրոնոլակտոն (կոլխիցինով կամ առանց դրա) ընդունած մասնակիցների շրջանում նոր կամ վատթարացող սրտի անբավարարության վտանգը 31%-ով ավելի ցածր էր, քան այն մարդկանց շրջանում, ովքեր կոլխիցին էին ընդունում պլացեբոյով կամ երկու պլացեբոյով (համապատասխանաբար 1,6%՝ 2,4%-ի դիմաց): Կալիումի բարձր մակարդակները սպիրոնոլակտոն խմբում երկու անգամ ավելի հաճախ են նկատվել, քան պլացեբո խմբում (համապատասխանաբար 1,1% ընդդեմ 0,05%,-ի), ինչը հանգեցրել է նրան, որ ավելի շատ մասնակիցներ դադարեցրել են իրենց դեղերի ընդունումը: