Հյուսիսարևմտյան համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ էվոլյուցիայի ընթացքում մարդու ուղեղի ավելացման պատճառ կարող են լինել աղիքային բակտերիաները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Microbial Genomics ամսագրում։ Գիտափորձի ընթացքում գիտնականները մկների մեջ պատվաստել են մեծ և փոքր ուղեղներով պրիմատների մանրէներ։ Արդյունքները ցույց են տվել, որ խոշոր ուղեղով պրիմատների (մարդկանց և սկյուռային կապիկների) մանրէներ ունեցող մկներն ավելի շատ էներգիա են արտադրել և սպառել, մինչդեռ փոքր ուղեղ ունեցող տեսակների մանրէներով կրծողները (մակականեր) ավելի շատ կալորիա են կուտակել որպես ճարպ: Այս ուսումնասիրությունն առաջին անգամ ցույց է տալիս, որ աղիքային մանրէները կարող են ազդել տեսակների միջև կենսաբանական տարբերությունների վրա՝ հաստատելով այն վարկածը, որ աղիքային միկրոբիոտան կարող է ազդել էվոլյուցիայի վրա՝ փոխելով մարմնի նյութափոխանակությունը և էներգիայի ընդունումը: Նախկինում կային ուսումնասիրություններ, որոնք համեմատում էին գեների և շրջակա միջավայրի ազդեցությունն ուղեղի տարբեր չափսեր ունեցող պրիմատների վրա, սակայն այն, թե ինչպես են տարբեր պրիմատների տեսակներն օգտագործում էներգիան, քիչ ուսումնասիրված էր մնում։  Ինչպես նշել է հետազոտության համահեղինակ, Հյուսիսարևմտյան համալսարանի պրոֆեսոր Քեթրին Ամատոն, աղիներում գտնվող մանրէները կարող են միացություններ արտադրել, որոնք ազդում են նյութափոխանակության վրա, ինչը կարող է հանգեցնել, օրինակ, ինսուլինի դիմադրության կամ քաշի ավելացման: «Աղիքների միկրոբիոտայի փոփոխությունը չուսումնասիրված մեխանիզմ է, որով պրիմատների նյութափոխանակությունը կարող է օգնել բավարարել ուղեղի էներգիայի տարբեր կարիքները», - ավելացրել է գիտնականը: