Հուբրեխտի ինստիտուտի Բաքերս խմբի գիտնականները հաջողությամբ վերականգնել են վնասված մկների սրտերը՝ օգտագործելով դանիո-ռերիո (Danio rerio) կամ «կանացի գուլպա» ձկան սպիտակուցը: Նրանք պարզել են, որ Hmga1 սպիտակուցը առանցքային դեր է խաղում դանիո-ռերիո ձկան սրտի վերականգնման գործում: Մկների շրջանում սպիտակուցը կարողացավ վերականգնել սրտի աշխատանքը՝ ակտիվացնելով չգործող գեները՝ չառաջացնելով կողմնակի բարդություններ, մասնավորապես՝ սրտի մեծացում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cardiovascular Research հանդեսում:

Սրտի կաթվածից հետո մարդու սիրտը միլիոնավոր մկանային բջիջներ է կորցնում, որոնք չեն կարողանում վերականգնել: Դա հաճախ հանգեցնում է սրտի անբավարարության, երբ սիրտն ի վիճակի չի լինում արդյունավետ կերպով արյուն մղել:

Ի տարբերություն մարդկանց, դանիո-ռերիո ձուկն աճեցնում է սրտի մկանների նոր բջիջներ. դրանք օժտված են վերածնվելու հատկությամբ: Եթե ​​ դանիո-ռերիո ձկան սիրտը վնասված է, այն 60 օրվա ընթացքում կարող է լիովին վերականգնել իր գործառույթը։

Որպես կանոն, Hmga1 սպիտակուցը կարևոր է սաղմնային զարգացման ընթացքում, երբ բջիջները պետք է արագ աճեն: Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է աշխատում Hmga1 սպիտակուցը:

«Մենք պարզեցինք, որ Hmga1-ը հեռացնում է քրոմատինի մոլեկուլային խոչընդոտները»,-պարզաբանել է հետազոտության համահեղինակ Մարա Բոումանը: Քրոմատինը ԴՆԹ-ն փաթեթավորող կառուցվածքն է: Երբ այն ղեմ կերպով փաթեթավորված է, գեներն ակտիվ չեն: Երբ այն բացվում է, գեները կարող են դարձյալ ակտիվանալ:

Ստուգելու համար, թե արդյոք սպիտակուցը նույն կերպ է աշխատում կաթնասունների շրջանում, հետազոտողներն այն տեղայնացված կիրառում են վնասված մկների սրտի վրա:

«Արդյունքներն ուշագրավ էին. Hmga1 սպիտակուցը խթանեց սրտի մկանների բջիջների բաժանումն ու աճը՝ զգալիորեն բարելավելով սրտի աշխատանքը: Զարմանալիորեն, բջիջների բաժանումը տեղի է ունեցել միայն վնասված հատվածում, հենց այնտեղ, որտեղ վերականգնում էր պահանջվում: Չկային կողմնակի ազդեցություններ, մասնավորապես՝ ավելորդ աճը կամ մեծացած սիրտը: Մենք նաև առողջ սրտային հյուսվածքում բջիջների բաժանում չենք նկատել»,-պատմում են գիտնականները։