Չինացի գիտնականները պարզել են, որ Bacteroides vulgatus մանրէների թվի ավելացումն աղիներում օգնում է նվազեցնել շաքարի սպառումը եւ մետաբոլիկ հիվանդությունների ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Microbiology (NatMicro) ամսագրում:
Հետազոտության նախնական փուլերում գիտնականները պարզել են, որ դիաբետով հիվանդ մարդկանց եւ մկների մոտ նվազել է FFAR4 սպիտակուցի մակարդակը, որը կարգավորում է GLP-1 հորմոնի սեկրեցիան, որը կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ եւ ախորժակը: FFAR4-ի նվազեցված մակարդակը կապված է եղել նաեւ Bacteroides vulgatus մանրէի եւ նրա մետաբոլիտի (նյութափոխանակության արտադրանք)՝ պանտոտենատի նվազման հետ:
Մկների վրա կատարված փորձերի ժամանակ հետազոտողները հաստատել են, որ պանտոտենատը խթանում է GLP-1 եւ FGF21 հորմոնների արտազատումը, որոնք ազդում են հիպոթալամուսի վրա՝ ճնշելով քաղցրի ցանկությունը: Պանտոտենատի ընդունումը կամ մկների աղիներում B. Vulgatus մանրէների առատությունը զգալիորեն նվազեցրել է կենդանիների քաղցրի հանդեպ ցանկությունը:
Գիտնականների խոսքով՝ նոր արդյունքները նոր հեռանկարներ են բացում գիրության եւ 2-րդ տիպի դիաբետի բուժամիջոցներ ստեղծելու համար։ Հետազոտողները ենթադրում են, որ դրանք կարող են հիմնված լինել դեղամիջոցների ստեղծման վրա, որոնք հատուկ մեծացնում են Bacteroides vulgatus-ի քանակը աղիներում: Բայց գիտնականները նշում են, որ ավելի շատ կլինիկական հետազոտություններ են անհրաժեշտ աղի-լյարդ-ուղեղ առանցքը որպես թերապեւտիկ թիրախ ուսումնասիրելու համար:






