Բրաունի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ գլյուկոզան իջեցնող մետֆորմին դեղամիջոցի ընդունումը կարող է նվազեցնել մաշկի մակերեսի վրա չարորակ ուռուցքների առաջացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Drugs in Dermatology ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է մաշկի բազալ-բջջային քաղցկեղով ավելի քան 8 հազար պացիենտ, հարթ բջջային քաղցկեղով մոտ 4 100 կամավոր եւ ավելի քան 8 հազար հոգուց բաղկացած առողջ մարդկանց խումբ:
Մաշկի քաղցկեղ ունեցող յուրաքանչյուր պացիենտի տվյալները համեմատվել են նույն տարիքի, ռասայի, էթնիկ խմբի եւ սեռի չորս առողջ մարդկանց տվյալների հետ: Արդյունքները ցույց են տվել, որ մետֆորմին ընդունած եվրոպական ծագում ունեցող մասնակիցների մոտ զգալիորեն նվազել է մաշկի չարորակ էպիթելիոմի զարգացման ռիսկը:
Մետֆորմինի ընդունումը պաշտպանիչ ազդեցություն չի ցուցադրել սեւամորթ պացիենտների մոտ, որոնք ունեն հարթ բջջային քաղցկեղ: Հետազոտողները կարծում են, որ այս անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ այս պացիենտների մոտ քաղցկեղը հաճախ զարգանում է մաշկի այն հատվածներում, որոնք չեն ենթարկվում արեւի լույսի ազդեցությանը, եւ կապված է քրոնիկական սպիների եւ բորբոքումների հետ, որոնց վրա մետֆորմինը կարող է չազդել:
Գիտնականները ենթադրել են, որ մետֆորմինը կարող է պաշտպանիչ ազդեցություն ունենալ՝ կարգավորելով այն մեխանիզմները, որոնք արգելակում են էներգիայի եւ սննդանյութերի մուտքը քաղցկեղի բջիջներ: Դեղը կարող է նաեւ ճնշել չարորակ բջիջների աճը եւ բազմացման ունակությունը: Դեղը նպաստում է արատավոր բջիջների մահվանը, ուժեղացնում իմունային պատասխանը քաղցկեղի բջիջներին, նվազեցնում բորբոքումը եւ կանխում նոր արյունատար անոթների ձեւավորումը մաշկի ուռուցքներում:
Գիտնականները ենթադրել են, որ հետագա հետազոտությունները կարող են աջակցել մետֆորմինի՝ որպես մաշկի քաղցկեղի կանխարգելման միջոցի օգտագործմանը:






