Կանաձավայի համալսարանի Բժշկական գիտությունների բարձրագույն դպրոցի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ առանց դեմենցիայի տարեցների շրջանում նշանակալի կապ կա կանաչ թեյի ավելի շատ օգտագործման և ուղեղում սպիտակ նյութի ավելի նվազ ախտահարումների միջև:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են npj Science of Food ամսագրում։

Ստացված տվյալները  ցույց են տալիս, որ օրական երեք կամ ավելի բաժակ կանաչ թեյ խմելը կարող է օգնել պաշտպանել ուղեղի առողջությունը, մինչդեռ սուրճի օգտագործումը էական ազդեցություն չի ունեցել:

Կանաչ թեյն ու սուրճը հայտնի են իրենց նյարդապաշտպան հատկություններով և ջրից հետո աշխարհում ամենահայտնի ըմպելիքներն են:

Այս հետազոտության նպատակն էր մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI) տվյալների օգտագործմամբ գնահատել կանաչ թեյի և սուրճի ազդեցությունը գլխուղեղի սպիտակ նյութի վնասվածքների ծավալի, հիպոկամպի ծավալի և ուղեղի ընդհանուր ծավալի վրա:

Տվյալները հավաքագրվել են 2016-ից 2018 թվականների ժամանակահատվածում՝ ներառյալ սննդակարգի գնահատումը, մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան և 65 տարեկան և ավելի բարձր տարիքի 8766 մասնակիցների ճանաչողական հետազոտումները: Կանաչ թեյի և սուրճի ամենօրյա օգտագործումը չափելու համար կիրառվել է սննդի ընդունման հաճախականության հարցաշար:

Ուղեղի MRI սկանավորումը տվյալներ է տրամադրել սպիտակ նյութի վնասվածքի ծավալի (WML), հիպոկամպի ծավալի (HV) և ուղեղի ընդհանուր ծավալի (TBV) վերաբերյալ: Ճշգրտումների համար կատարելագործված վիճակագրական մոդելներ են օգտագործվել՝ հաշվի առնեով ժողովրդագրական տվյալները, առողջական վիճակը, ապրելակերպի սովորությունները և Ալցհեյմերի հիվանդության գենետիկ ռիսկի գործոնները:

Հետազոտության այն մասնակիցների մոտ, որոնք օրական 600 մլ կանաչ թեյ են խմել, սպիտակ նյութի ախտահարման ծավալը 3%-ով ավելի պակաս է եղել, քան նրանց մոտ, որոնք 200 մլ կամ ավելի քիչ են խմել, մինչդեռ նրանց մոտ, որոնք օրական 1500 մլ են խմել ՝ սպիտակ նյութի ախտահարման ծավալը 6%-ով ավելի ցածր է եղել, քան ստուգողական  խմբի ներկայացուցիչների մոտ: