Անցած տարի ֆրանսիացի մաքսավորներն առգրավել են ռեկորդային քանակությամբ մեղր, որը պարունակում էր դեղամիջոց էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ, ինչպիսին վիագրան է: Այն երկրում ավելի տարածված է դառնում, տեղեկացրել է Euronews-ը։

Ֆրանսիայի մաքսային ծառայություններն ահազանգում են անօրինական նյութի մասին, որը երկիր է մտնում ռեկորդային քանակությամբ։ Այն կոչվում է «էրեկտիլ մեղր»։

Հարմար ձողիկներում կամ ներարկիչներում փաթեթավորված նյութը պարունակում է մեղրի խառնուրդ եւ վիագրայի նման դեղամիջոց, եւ սեւ շուկայի որոշ խանութներում վաճառվում է յուրաքանչյուրը մի քանի եվրոյով:

Մեղրը, որը, ինչպես հավաստիացնում են  վաճառողները, նախատեսված է «տոնական ժամանցի համար», վտանգավոր է, հայտարարել է Ֆրանսիայի մաքսային վարչությունը։

Դա կապված է այն բանի հետ, որ մեղրի ձողիկները հաճախ պարունակում են սիլդենաֆիլ կամ տադալաֆիլ: Այս դեղերը նախատեսված են էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար, սակայն կարող են առաջացնել կողմնակի բարդություններ, երբ համակցվում են ալկոհոլի կամ այլ դեղամիջոցների հետ, ինչպիսին են ճնշման դեղամիջոցները:

Մեղրի ձողիկները «կարող են մարդկանց անվնաս կամ նույնիսկ վստահելի թվալ, քանի որ դրանք մեղր են պարունակում, բայց կարող են վտանգավոր լինել առողջության համար»,- ասել են մաքսավորները:

Չնայած առողջության համար վտանգավորությանը՝ էրեկտիլ մեղրը, ըստ երեւույթին, մեծ ժողովրդականություն է վայելել վերջին տարիներին: 2023թ. Ֆրանսիայի իշխանություններն իրականացրել են 131 առգրավում, մինչդեռ 2019թ. գրանցվել է ընդամենը 18 նման դեպք։

Վերջին առգրավումը ռեկորդային էր՝ մոտ 860 000 ձողիկ կամ 13 տոննա էրեկտիլ մեղր: Ահա թե որքան է կշռել, օրինակ, խորհրդային արագընթաց БТ-7 տանկը:

Առգրավումը տեղի է ունեցել Մարսելում 2024թ. նոյեմբերին, երբ մաքսավորները ստուգել են «բնական մեղրի» փաստաթղթերը, որոնք մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում էին Մալայզիայից։

Երբ նրանք ստուգել են մի քանի նմուշներ, հայտնաբերել են, որ դրանք պարունակել են դեղամիջոց էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ:

Էրեկտիլ մեղրը հայտնաբերվել է ողջ Ֆրանսիայում։ Անցած տարվա հունիսին Լիոնի եւ Կլերմոն-Ֆերանի մաքսավորներն առգրավել են գրեթե 25 000 ձող:

Որպես կանոն, դրանք գալիս են Մալայզիայից, Թուրքիայից, Թունիսից կամ Թաիլանդից: