Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու մարմինը կարող է ավելի դիմացկուն լինել ծերության նկատմամբ, քան նախկինում թվում էր: Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողների և նրանց գործընկերների՝ Journal of the American Chemical Society-ում (Ամերիկյան քիմիական ընկերության ամսագրում) հրապարակված աշխատանքը ցույց է տալիս, որ քրոմատինը՝ ԴՆԹ-ի և սպիտակուցի խառնուրդը, որում պարունակվում է յուրաքանչյուր բջջի գենոմը, ավելի դիմացկուն է ծերացման հանդեպ, քան նախկինում ենթադրվում էր:
Գիտնականների կարծիքով՝ դրանով հնարավոր է հասկանալ, թե օրգանիզմն ինչպես կարող է հաղթահարել ծերացմանն առնչվող անխուսափելի «մաշվածությունը», և այն որտեղ կարող է առավել խոցելի լինել դրա հետևանքների համար՝ հիմք դնելով ամբողջ օրգանիզմի հետագա երիտասարդացմանն ուղղված պրոցեդուրաների համար:
Սա հատկապես ճիշտ է հիստոնային սպիտակուցների համար, որոնցից կազմված է քրոմատինը և որը կարող է «ապրել» մոտ 100 օր, նախքան մեկ ուրիշով համալրվելն ու փոխարինվելը: Իրենց կյանքի ընթացքում սպիտակուցները ձգվում և դեֆորմացվում են կամ ենթարկվում են «ժանգոտում» հիշեցնող գործընթացների։ Այդ վնասվածքը հանգեցնում է սպիտակուցի բնական քիմիական փոփոխություններին, որոնք կոչվում են հետտրանսլացիոն ձևափոխություն կամ մոդիֆիկացիա (PTM): Փոփոխելով սպիտակուցների ֆիզիկական և քիմիական կառուցվածքը՝ այդ պրոցեսները կարող են փոխել դրանց գործառույթը և նույնիսկ հանգեցնել դրանց գործունեության խափանումների։
Որոշ դեպքերում այս ձախողումը կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսին քաղցկեղն է, սակայն մեխանիզմները, որոնցով դա տեղի է ունենում, հաճախ անհասկանալի են: Բացի դրանից, քանի որ բնական ծերացումը տեղի է ունենում դանդաղ, օրգանիզմի սպիտակուցներում այդ գործընթացի ուսումնասիրությունը կարող է դժվար լինել:
Բացահայտելու համար, թե ինչպես են սպիտակուցները ենթարկվում «մաշվածության»՝ ըստ ծերացման աստիճանի, թիմը քիմիական եղանակով քրոմատինը սարքել է փորձանոթում իր կյանքի ցիկլի երկու տարբեր փուլերում՝ նոր ձևավորված և շատ հին. վերջինս պարունակում է ծերացմանն առնչվող PTM:
Գիտնականների թիմի կարծիքով՝ վերահսկվող ծերացման «սպիներով» այս քրոմատինային մոդելները, որոնք կշռում են մոտ երեք միլիոն դալտոն, ինչը համարժեք է ատոմային մասշտաբի օբյեկտների զանգվածին, ինչպիսին ատոմներն են, ամենամեծն են իրենց տեսակի մեջ:






