Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նշել են, թե ինչու է ֆասթֆուդն առաջացնում հոգեբանական կախում, եւ ինչպես դա կարող է անդրադառնալ առողջության վրա։ Այս մասին «Газета.Ru»-ին տեղեկացրել են գիտական հաստատության մամուլի ծառայությունում։ Տվյալների համաձայն՝ ռուսաստանցիների 60 տոկոսը մշտապես այցելում է արագ սննդի կետեր, ընդ որում՝ վերջին 15 տարիներին այդ ցուցանիշը կրկնակի ավելացել է։ Ֆասթֆուդը հատկապես տարածված է երիտասարդության շրջանում։

Ֆասֆուդը պարունակում է համի ուժեղացուցիչներ, որոնք ակտիվացնում են լեզվի ռեցեպտորները՝ ուժեղացնելով քաղցր, աղի, թթու և դառը զգացողությունները: Սա հանգեցնում է դոֆամինի՝ հաճույքի համար պատասխանատու նեյրոմեդիատորի արտազատման:

«Ճարպի եւ շաքարի համադրությունը ֆասֆուդում ստեղծում է երկակի էֆեկտ՝ ուղեղին ստիպելով այդ ուտելիքը համադրել «երջանկության» հետ,- բացատրել է Պերմի պոլիտեխնիկականի դոցենտ Եկատերինա Բանկովսկայան։

Ֆասթֆուդը արագ կախվածություն է առաջացնում, քանի որ ուղեղը հիշում է հաճույքի աղբյուրը։ Բացի այդ, արագ սննդի ռեստորաններ այցելությունը դարձել է սոցիալական ստանդարտ։

Պերմի պոլիտեխնիկականում նշել են, որ առողջության համար առավել վտանգավոր նյութերից մեկը արագ սննդի հաստատությունների կերակուրներում ակրիլամիդն է։ Այս միացությունը գոյանում է ֆրիտյուրով տապակելիս եւ կարող է առաջացնել գեների մուտացիա՝ բարձրացնելով քաղցկեղի հավանականությունը։ Օրինակ,  ֆրի կարտոֆիլում ակրիլամիդի պարունակությունը գերազանցում է նորմը 100 անգամ։

Ֆասֆթուդի կերակուրները սովորաբար գերհագեցած են շաքարով եւ աղով, ինչը հանգեցնում է այտուցների, հիպերտոնիայի, երիկամների հիվանդությունների եւ թրոմբոզի հավանականության բարձրացման։

Գիտնականները խորհուրդ են տալիս կրճատել ֆասթֆուդի օգտագործումը՝ այն փոխարինելով տնային կերակուրներով, որոնք հարուստ են բանջարեղեններով, մրգերով եւ ամբողջահատիկներով։  Դա ոչ միայն կբարելավի առողջությունը, այլեւ կիջեցնի բեռնվածությունը շրջակա միջավայրի վրա։