Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը պարզել է, որ քաշի կորստի և շաքարախտի դեմ պայքարող Օզեմպիկ և Վեգովի դեղամիջոցները կարող են նվազեցնել ալկոհոլի հանդեպ հակումն իրենց ակտիվ բաղադրիչի՝ սեմագլուտիդի շնորհիվ: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են JAMA (Journal of the American Medical Association) ցանցում։

Հետազոտությանը մասնակցել են 48 չափահաս կամավորներ, ովքեր տառապում են ալկոհոլային կախվածությունից: Նրանք բաժանվել են երկու խմբի՝ սեմագլուտիդի կամ պլացեբո ներարկումների ցածր չափաբաժիններ ստանալու համար: Նախնական դեղաչափից առաջ և հետո մասնակիցները երկու ժամ անցկացրել են լաբորատորիայում, որտեղ ներկայացված էին իրենց սիրելի ալկոհոլային խմիչքները: Հետազոտության այս փուլն անհրաժեշտ էր՝ պարզելու համար, թե որքան ուժեղ էր մասնակիցների ցանկությունն ալկոհոլի նկատմամբ: Առաջին փուլն ավարտելուց հետո կամավորները երկու ամիս շարունակել են բուժումը սեմագլուտիդով: Շաբաթական դեղաչափը 0,25 մգ էր առաջին չորս շաբաթվա ընթացքում և 0,5 մգ հաջորդ շաբաթների ընթացքում: Միջամտության շրջանի վերջում վերագնահատվել են ալկոհոլային կախվածության կլինիկական նշանները: Կամավորների կողմից ալկոհոլի օգտագործման վերաբերյալ գրառումների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր սեմագլուտիդ էին ընդունում, ընդհանուր առմամբ խմել են նույն քանակությունը, ինչ պլացեբոյի խմբում: Սակայն, բուժման երկրորդ ամսվա ընթացքում առաջին խմբի կամավորների կողմից օգտագործվող ալկոհոլային խմիչքների քանակը նվազել է 30% -ով: Սեմագլուտիդ օգտագործող մարդիկ նաև ավելի քիչ էին հայտնում, որ շատ հարբած են եղել: Գիտնականները ենթադրել են, որ սեմագլուտիդն ազդում է ուղեղի հաճույքի կենտրոնների վրա՝ նվազեցնելով ոչ միայն սննդի, այլև ալկոհոլի գրավչությունը: Կենդանիների նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ նյութը նաև ճնշում է դոֆամինի արտազատումը, երբ ենթարկվում է ալկոհոլի: Գիտնականների կարծիքով՝ դա կարող է թուլացնել ալկոհոլ օգտագործելու մոտիվացիան նաև մարդկանց մոտ։