Պլաստիկի փոքրիկ մասնիկները համատարած երեւույթ են շրջակա միջավայրում եւ մեր մարմիններում։

Նոր հետազոտության համաձայն, որը ներկայացվել է  Սրտաբանների ամերիկյան քոլեջի  ամենամյա գիտական նստաշրջանում (ACC.25), միկրոպլաստիկ նյութերի ազդեցությունը, որոնք կարող են պատահաբար կլանվել, կապված է քրոնիկական ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության աճի հետ, տեղեկացրել է News Medical Live Sciences-ը։

Գիտնականները նշել են, որ նոր բացահայտումներն ավելացնում են աճող ապացույցներն այն մասին, որ միկրոպլաստիկից աղտոտումը վտանգ է ներկայացնում առողջության համար:

Միկրոպլաստիկը պլաստիկի մասնիկներն են, որոնք տատանվում են 1 նանոմետրից մինչեւ 5 միլիմետր տրամագծի սահմանում, դրանք առաջանում են պլաստիկի ավելի մեծ կտորների քայքայումից: Աղբյուրները տարբեր են՝ սննդամթերքի եւ խմիչքների փաթեթավորում, սպառողական ապրանքներ եւ շինանյութերը:

Մարդիկ կարող են ենթարկվել միկրոպլաստիկի ազդեցությանը, որը պարունակվում է նրանց խմած ջրում, սննդում, որն ուտում են, օդում, որը շնչում են։

Հետազոտությունում ուսումնասիրվել է ջրային մարմիններում միկրոպլաստիկի խտության եւ Մեքսիկական ծոցի արեւելյան, արեւմտյան համայնքներում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների որոշ լճերում 2015-2019թթ. տարբեր հիվանդությունների տարածվածության միջեւ կապը:

Գիտնականները կենտրոնացել են լճերի եւ ափամերձ գծերի վրա, քանի որ միկրոպլաստիկի խտություններն ավելի լավ են գրանցվում այդ տարածքներում: Նրանք օգտագործել են Շրջակա միջավայրի տեղեկատվության ազգային կենտրոնի մարդահամարի 555 տեղամասերից հավաքած տվյալները, միկրոպլաստիկի խտությունը ըստ դրա դասակարգվել է նստվածքում՝ ցածր (զրոյից մինչեւ 200 մասնիկ մեկ քառակուսի մետրի համար) եւ շատ բարձր (ավելի քան 40 000 մասնիկ մեկ քառակուսի մետրի համար):

Հետազոտողները գնահատել են արյան բարձր ճնշման, դիաբետի, ինսուլտի եւ քաղցկեղի մակարդակը 2019թ.՝ օգտագործելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալները:

Նրանք նաեւ օգտագործել են մեքենայական ուսուցման մոդելը՝ կանխատեսելու համար այս պայմանների տարածվածությունը տվյալների օրինաչափությունների հիման վրա, եւ համեմատել են միկրոպլաստիկի խտությունների հետ դիտարկված կապերը 154 այլ սոցիալական եւ բնապահպանական գործոններում, ինչպիսին են տնային տնտեսությունների միջին եկամուտը, զբաղվածության մակարդակը եւ օդի աղտոտվածությունը նույն տարածքներում:

Արդյունքները ցույց են տվել, որ միկրոպլաստիկի խտությունները դրականորեն են առնչակցվում արյան բարձր ճնշման, դիաբետի եւ ինսուլտի հետ, մինչդեռ քաղցկեղը կապված չէ միկրոպլաստիկից աղտոտման հետ: Արդյունքները ցույց են տվել նաեւ չափաբաժին-արձագանք կապը, միկրոպլաստիկի ավելի բարձր խտությունների դեպքում, որոնք կապված են հիվանդության ավելի բարձր տարածվածության հետ: