Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական ապահովության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ շատ աղ օգտագործող մարդիկ ավելի հաճախ են ենթակա ընդհանուր կամ որովայնային ճարպակալման:
Հետազոտության արդյունքները կներկայացվեն ճարպակալման հարցերով եվրոպական կոնգրեսում մայիսի 11-14-ը (ECO 2025, Իսպանիա):
Հետազոտությանը մասնակցել են 18 տարեկան և բարձր տարիքի 2222 տղամարդ և 2792 կին:
Փորձարկվողներին խնդրել են մանրամասն տեղեկություններ տրամադրել իրենց օրաբաժնի մասին՝ գնահատելու համար նատրիումի (սեղանի աղի բաղադրիչ) ընդունումը:
Մասնակիցներից ոմանցից (558 տղամարդ և 702 կին) վերցրել են նաև մեզի նմուշներ, քանի որ մեզում պահպանվում են աղի վերամշակած կողմնակի արդյունքները։
Երկրորդ փուլում չափել են բոլոր մասնակիցների գոտկատեղն ու քաշը։
Արդյունքները ցույց են տվել, որ նատրիումի միջին օրական ընդունումը տղամարդկանց համար կազմում է 12 գրամ, իսկ կանանց համար՝ ինը գրամ:
Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օգտագործել մինչև հինգ գրամ։
Գիտնականները միաժամանակ պարզել են, որ աղի մթերքների սիրահարների և մեզի մեջ նատրիումի բարձր կոնցենտրացիա ունեցող մասնակիցներն ավելի հակված են ընդհանուր կամ որովայնային ճարպակալման, իրանի շրջանում և ներքին օրգաններում ճարպի կուտակման:
Հետազոտողները հաշվարկել են, որ շատ նատրիում օգտագործող կանանց ընդհանուր ճարպակալման վտանգը աճել է 4,3 անգամ, իսկ որովայնի շրջանում՝ 3,4 անգամ: Տղամարդկանց օրգանիզմում ռիսկի աճը կազմել է համապատասխանաբար 6,0 և 4,7 անգամ։
Գիտնականները նշել են, որ ոչ մի կապ չի հայտնաբերվել աղի չարաշահման և ուլտրամշակված մթերքների (չիպսերի, արագ սննդի, աղի սոուսների) միջև։
Դա հնարավորություն է ընձեռում ենթադրեկ, որ նատրիումի ավելցուկը ազդում է մարմնի քաշի վրա չուսումնասիրված մեխանիզմների միջոցով:






