Հապալասը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը եւ բարելավում արյան շրջանառությունն ուղեղում՝ իջեցնելով տարեցների կոգնիտիվ խանգարումների վտանգը: Այս եզրակացությանն են հանգել Վիեննայի համալսարանի Wiener Kinderstudien Lab լաբորատորիայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrition Research (NutriRes) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են 60 տարեկանից բարձր 55 կամավորներ՝ նորմալ զարկերակային ճնշմամբ եւ ավելորդ քաշով, որոնք վարել են նստակյաց կենսակերպ: Փորձարկվողներին բաժանել են երկու խմբի՝ առաջինը օրական երկու անգամ հապալասի փոշիով ըմպելիք է օգտագործել, իսկ երկրորդը՝ դատարկահաբ: Ըմպելիքում հապալասի պարունակությունը համարժեք էր 1,5 բաժակ թարմ հատապտուղներին։ Մասնակիցները նաեւ թեթեւ վարժություններ են կատարել հետազոտության ողջ ընթացքում:
Արդյունքները ցույց են տվել, որ առաջին խմբի մասնակիցների մոտ նկատվել է «վատ» խոլեստերինի նվազում, ինչպես նաեւ տեղի է ունեցել «վատ» խոլեստերինի մասնիկների եւ ApoA-I սպիտակուցի մակարդակի սպեցիֆիկ փոփոխություն։ ApoA-I (ապոլիպոպրոտեին A1) ծառայում է որպես «լավ խոլեստերինի»՝ բարձր խտության լիպոպրոտեինների հիմնական կրող: Այն խոլեստերինը տեղափոխում է անոթներից լյարդ եւ վերահսկում է «բշտերի» առաջացումը:
Նրանց մոտ, ովքեր օգտագործել են հապալասի ըմպելիքը, բարձրացել է նաեւ աղիքային Coriobacteriales incertae sedis բակտերիաների մակարդակը, որոնք մասնակցում են անտոցիանների եւ պոլիֆենոլների (հապալասի հիմնական հակաօքսիդանտների) վերամշակմանը:
Գիտնականները բացատրել են, որ անտոցիանները բարելավում են ուղեղի արյան մատակարարումը եւ նվազեցնում բջջային օքսիդատիվ սթրեսը: Այս ազդեցությունը կարող է դանդաղեցնել տարիքի հետ կապված կոգնիտիվ կարողությունների անկումը, ինչպիսին են հիշողությունը եւ ուշադրությունը:
Հետազոտողներն ավելացրել են, որ հապալասը հարուստ է C եւ K վիտամիններով, մանգանով եւ բջջանյութով։ Սննդի այս բաղադրիչներն օգնում են աջակցել իմունիտետին, ոսկորների ամրությանը եւ մարսողությանը՝ մեծ տարիքում բարեկեցության կարեւոր ասպեկտներին:






