Բրիգամի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ սննդի ընդունման սահմանափակումը ցերեկային ժամերին նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը գիշերն աշխատող մարդկանց մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Փորձին մասնակցել են 20 առողջ կամավորներ, որոնք երկու շաբաթ անցկացրել են հատուկ սարքավորված լաբորատորիաներում՝ առանց լույսի, ժամացույցի կամ էլեկտրոնային սարքերի հասանելիության: Այս պայմաններում նրանք արթուն են մնացել 32 ժամ անընդմեջ, խստորեն սնվել են ըստ ժամանակացույցի եւ գտնվել են մարմնի նույն դիրքում. այս ամենը թույլ է տվել հետազոտողներին բացառել արտաքին ազդեցությունները եւ ճշգրիտ գնահատել սնվելու ազդեցությունը:

Մասնակիցները բաժանվել են երկու խմբի. առաջինը կերել է գիշերը, ինչպես սովորական գիշերային հերթափոխի աշխատողները: Երկրորդը գիշերներն էր ակտիվ, բայց սնունդ ստացել է միայն ցերեկը։ Միեւնույն ժամանակ, բոլորի քնի ռեժիմը մնացել է նույնը, ինչը գիտնականներին թույլ է տվել որպես հիմնական գործոն ճանաչել ուտելու ժամանակը:

Արդյունքները ցույց են տվել, որ գիշերը սնվողների մոտ արյան ճնշումը բարձր է եղել եւ արյան մակարդման վտանգը մեծացել է: Բայց այն մասնակիցները, որոնք կերել են օրվա ընթացքում, նման վտանգավոր փոփոխությունների վտանգի ենթակա չեն եղել:

Գիտնականներն ընդգծել են, որ սիրտ-անոթային համակարգի վրա գիշերային աշխատանքի բացասական ազդեցությունը վաղուց է հայտնի եւ կապված է առաջին հերթին ցիրկադային ռիթմի խախտման հետ։ Սակայն նոր հետազոտությունը հաստատել է, որ նույնիսկ սննդակարգի ժամանակային պարզ ճշգրտումները կարող են հզոր կանխարգելիչ գործոն լինել եւ օգնել պաշտպանել գիշերն աշխատողների սիրտը: