Միջերկրածովյան դիետան կարող է սիրված լինել սննդաբանների շրջանում, սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Արևելյան Աֆրիկայի համայնքներից մեկի սննդակարգին հետևելը կարող է լավ առողջության ևս մեկ բանալին դառնալ:

77 տղամարդկանց մասնակցությամբ նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Medicine բժշկագիտական հանդեսում, ուսումնասիրել է Տանզանիայի հյուսիսում՝ Կիլիմանջարո լեռան ստորոտում ապրող ջագգա ազգության սննդակարգը:

Սննդակարգը հարուստ է բույսերով և մանրաթելերով և բավականին անխառն ձավարեղեն, լոբի և կանաչ բանջարեղեն է պարունակում:

Երկու շաբաթվա ընթացքում գյուղական վայրերում ապրող և սովորաբար ավանդական սննդակարգից օգտվող տղամարդիկ անցել են վերամշակված մթերքներով և աղով հարուստ, մասնավորապես՝ երշիկեղենով, սպիտակ հացով և տապակած հավով արևմտյան ոճի սննդակարգի:

Մինչդեռ քաղաքաբնակ տղամարդիկ, որոնց սննդակարգն ավելի արևմտյան էր, երկու շաբաթով կամ անցան ավանդական սննդի, կամ մեկ շաբաթվա ընթացքում իրենց սննդակարգին մբեգե՝ բանանի 1-3% ալկոհոլ պարունակող խմորած ըմպելիք ավելացրին:

Հետազոտողները այնուհետև չափել են տղամարդկանց արյան մեջ բորբոքման բիոմարկերները, ինչպես նաև նրանց աղիքների միկրոբիոմի փոփոխությունները:

Ինչպես պարզվել է արդյունքում, իրենց ավանդական սննդակարգից արևմտյան սննդակարգի անցնելը հանգեցրել է բորբոքումների աճի, սակայն արևմտյան սննդակարգը ավանդական մթերքներով կամ մբեգե խմելն օգնել է նվազեցնել սրտանոթային հիվանդություններին, 2-րդ տիպի շաքարախտին և աուտոիմուն հիվանդություններին առնչվող  բորբոքային գործընթացը:

Այս փոփոխություններից մի քանիսը դեռ նկատելի էին փորձից մեկ ամիս անց, ասված է հետազոտության մեջ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Սահարայից դեպի հարավ Աֆրիկայի երկրներում ապրող մարդկանց ավանդական սննդակարգի պահպանումը և նմանատիպ օրաբաժնի ընդունումը կարող է նպաստել բորբոքմանն առնչվող խրոնիկական հիվանդությունների ռիսկի գործոնների նվազեցմանը:

«Այն, ինչ մարդիկ ուտում են, մեծ ազդեցություն ունի իմունային և նյութափոխանակության համակարգերի վրա,-Euronews Health բժշկագիտական հանդեսին տված հարցազրույցում նշել է հետազոտության ավագ հեղինակ և Նիդեռլանդների Ռադբուդի համալսարանի բժշկական կենտրոնի դոցենտ, պրոֆեսոր Քուիրին դը Մաստը: -Զարմանալի էր, որ այդ ազդեցություններից շատերը պահպանվել են»:

Հետազոտողները նշում են, որ ջագգայի սննդակարգի օգուտներն, ըստ երևույթին, պայմանավորված են նրանով, որ հիմնական մթերքները փոխազդում են միմյանց, այլ ոչ թե միջերկրածովյան սննդակարգին հարիր՝ մրգեր, բանջարեղեն, ձիթապտղի յուղ, չափավոր քանակությամբ ձուկ և կաթնամթերք ընդգրկող որևէ գերսննդի հետ:

«Դա, հավանաբար, խնդիրը միայն դրանում չէ, -ասում է դը Մաստը: -Ըստ իս՝ ամեն ինչ կապված է սննդակարգի հետ»։

Միևնույն ժամանակ, խմորման գործընթացը, ըստ երևույթին, հարստացնում է բանանի ըմպելիքը`մբեգեն աղիքների համար օգտակար միկրոբներով և քիմիական նյութերով, սակայն հետազոտողները զգուշացնում են, որ առողջության օգուտները պետք է համեմատել ալկոհոլի պարունակության և հնարավոր աղտոտման հետ:

Մբեգեից օգուտ քաղել ցանկացող մարդկանց դը Մաստը խորհուրդ է տալիս ընդհանուր առմամբ ավելի շատ ֆերմենտացված սննդամթերք օգտագործել:

Հետաքրքիր է, որ ստացված արդյունքները կարող են չհամապատասխանել ամբողջ Արևելյան Աֆրիկայի տարածաշրջանի սննդակարգերին: Տանզանիայում բնակվում են ավելի քան 100 ցեղեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սննդային սովորությունները, նշվում է հետազոտության մեջ:

Գիտնականները կոչ են արել ավելի խոր ուսումնասիրել, թե ինչպես են Աֆրիկայում տարբեր ավանդական սննդակարգերն ազդում մարդկանց առողջության վրա, հատկապես այն պատճառով, որ սննդակարգի միջազգային ուղեցույցները միշտ չէ, որ հաշվի են առնում սննդի, մշակույթի և գենետիկայի տարածաշրջանային տարբերությունները:

Ժամանակն էական դեր է խաղում: Սահարայից դեպի հարավ Աֆրիկայի երկրներում սրընթաց ուրբանիզացիան ուղեկցվել է սննդակարգի փոփոխությամբ և ֆիզիկական ակտիվության նվազմամբ, և տարածաշրջանն այժմ պայքարում է ճարպակալման մակարդակի և դրան առնչվող առողջական խնդիրների դեմ:

«Այս սննդակարգերը և դրանց բազմազանությունն ավելի մեծ ուշադրության են արժանի, քանի դեռ դրանք չեն անհետացել, քանի որ, ըստ իս, որ մենք կարող ենք դրանից շատ բան սովորել»,-եզրափակել է դը Մաստը: