Քոնեկտիկուտի համալսարանի ամերիկացի գիտնականները ընկույզի մեջ հայտնաբերել են հզոր հակաքաղցկեղային հատկություն։ Պարզվել է, որ այս մթերքի մշտական օգտագործումը ճնշում է օրգանիզմում բորբոքային գործընթացները եւ նվազեցնում հաստ աղիի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Cancer Prevention Research (CPR) գիտական ամսագրում:
Կլինիկական փորձի ընթացքում մասնագետները դիտարկել են ռիսկային խմբի 39 պացիենտի։ Մասնակիցները երեք շաբաթվա ընթացքում ամեն օր ընկույզ են օգտագործել վերահսկվող դիետայի շրջանակում։ Արդյունքները ցույց են տվել արյան մեջ բորբոքային մարկերների զգալի նվազում՝ 15-25 տոկոսով։ Հատկապես ընդգծված ազդեցություն է նկատվել ճարպակալում ունեցող պացիենտների մոտ։
Հիմնական բացահայտումը պաշտպանիչ գործողության մեխանիզմի հայտնագործումն էր: Պարզվել է, որ ընկույզի մեջ պարունակվող էլագիտանինները, աղիքային բակտերիաների ազդեցության տակ, վերածվում են ուրոլիտին A-ի՝ հզոր հակաբորբոքային միացության։ Այս նյութը ոչ միայն նվազեցնում է բորբոքումը, այլեւ նպաստում է YY պեպտիդների արտադրությանը, որն ունի հակաքաղցկեղային հատկություն։
«Ոչ բոլոր մարդկանց մոտ է ընկույզը նույն կերպ մարսվում: Բայց նույնիսկ օրական մի բուռ ընկույզը կարող է պարզ եւ մատչելի միջոց լինել աղիների առողջության պահպանման համար»,- ասել է բժիշկ Դենիել Ռոզենբերգը, որը ղեկավարել է հետազոտությունը:
Հետազոտողներն ընդգծել են, որ թեեւ ընկույզը խոստումնալից է քաղցկեղի կանխարգելման գործում, այն չի փոխարինում կանոնավոր բժշկական զննումներին։ Կոլոնոսկոպիան հատկապես կարեւոր է 45 տարեկանից բարձր մարդկանց համար:






