ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչության (FDA) պատվերով վերջերս հրապարակված հետազոտությամբ պարզվել է, որ OxyContin-ի նման երկարատև ազդեցության ցավազրկողներ ընդունող յուրաքանչյուր հինգերորդ մարդ մեկ տարվա ընթացքում դրանցից կախվածություն է ձեռք բերել, գրում է Bloomberg գործակալությունը։
Հետոզոտությունը պարզել է, որ օփիոիդներից կախված ցավ ունեցող բուժառուների տոկոսը շատ ավելի բարձր է, քան իրենց մարքեթինգային նյութերում և բժիշկներին ներկայացրել են դեղարտադրողների վաճառքի ներկայացուցիչները։
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչության առջև այժմ հարց է ծառացել՝ ինչպես օգտագործել այդ տվյալները՝ գնահատելու համար՝ արդյոք գործակալությունը պե՞տք է փոփոխություններ կատարի օփիոիդների կարգավորման մեջ, որոնք կսահմանափակեն երկարատև օգտագործման համար տևական ազդեցության օփիոիդների լայն հաստատումը։
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) այժմ լսումներ է անցկացնում՝ արդյունքները քննարկելու համար, և պաշտպանները պահանջում են փոփոխություններ կատարել դեղերի պիտակներում, որոնք թելադրում են բժիշկների կողմից դրանք նշանակման կարգը:
Երբ 1990-ականներին և 2000-ականների սկզբին օփիոիդների շուկան բացվեց միլիոնավոր խրոնիկական ցավերից տառապող բուժառուների համար, Purdue Pharma-ի վաճառքի ներկայացուցիչները և գովազդային հոլովակները պնդում էին, որ բուժառուների գրեթե 1%-ը ցավազրկողներից կախվածություն է ձեռք բերել։
Երկարատև ազդեցության ցավազրկող դեղահաբերը մշակվել են խրոնիկական ցավը կանխելու համար ՝ օփիոիդների շարունակական դեղաչափ ապահովելու միտումով։
Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ երկարատև ազդեցության դեղամիջոցներ ընդունել սկսած ցավով բուժառուների շրջանում 22,5%-ը մեկ տարվա ընթացքում զարգացել է օփիոիդների օգտագործման խանգարում կամ կախվածություն։ Արդյունքները համապատասխանում են 2013 թվականին FDA-ի սահմանած հետմարքեթինգային հսկողության պահանջներին։
Մարտին Purdue ընկերությունը 7,4 միլիարդ դոլարի սնանկության դիմում ներկայացրեց՝ օփիոիդային համաճարակի մեջ ընկերության դերի առնչությամբ հազարավոր դատական հայցեր կարգավորելու համար։
Այս երկարատև ազդեցության օփիոիդների կախվածության աստիճանի մասին հստակ պատկերացում կազմելու փորձերը տարիներ շարունակ ձախողվել են, քանի որ դեղագործական ընկերություններն ու բուժառուների պաշտպանները լոբբինգ են արել օփիոիդներին հեշտ հասանելիություն ապահովելու համար և վիճարկել են «կախվածության» եզրույթը։
1999 թվականից ի վեր համաճարակը Միացյալ Նահանգներում խլել է ավելի քան 800 հազար մարդու կյանք և շարունակում է մնալ հանրային առողջապահության լուրջ խնդիր։ Միլիոնավոր ամերիկացիներ կախվածություն են ձեռք բերել օփիոիդային հաբերից, չնայած աճող ապացույցները ցույց են տալիս, որ այս դեղամիջոցները որպես խրոնիկական ցավի դեմ անվտանգ և արդյունավետ միջոց երբեք չպետք է հաստատվեին։
Businessweek-ի հետաքննությունը պարզել է որ գործակալության սեփական պիտակավորումը, որը նախատեսված է դեղամիջոցի օգտագործման եղանակը, դրա ռիսկերը և շուկայավարման սահմանափակումները սահմանելու համար, նպաստել է լայնորեն տարածված, երկարաժամկետ, բարձր չափաբաժիններով դեղատոմսերի օրինականացմանը՝ առանց կլինիկական ապացույցների։






