Նոր հետազոտությունը բացահայտել է տաուրինի՝ մարդու օրգանիզմի կողմից արտադրվող սննդանյութի անսպասելի դերը։ Այն նաև պարունակվում է մսի, ձկան և էներգետիկ ըմպելիքների մեջ։ Այս մասին հաղորդում է SciTechDaily-ն։ Գիտնականները պարզել են, որ տաուրինը առանցքային դեր է խաղում քաղցկեղի որոշ տեսակների, ինչպիսիք են լեյկեմիայի ագրեսիվ ձևերը, կարգավորման գործում։
Փորձարկման շրջանակներում Ռոչեսթերի համալսարանին կից Ուիլմոտի քաղցկեղի ինստիտուտի գիտնականները կասեցրել են լեյկեմիայի աճը մկների, ինչպես նաև մարդկանց քաղցկեղային բջիջներում, գրում է Фокус-ը։ Դա հաջողվել է անել առաջադեմ գենետիկական գործիքների օգնությամբ, որոնք արգելափակել են տաուրինի ներթափանցումը լեյկոզային բջիջներ։ Այսպիսով կտրվել է քաղցկեղի գոյատևման համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսը։
Փորձագետներն ասում են, որ տաուրինը սովորաբար պարունակվում է էներգետիկ ըմպելիքներում, մարզական սննդային հավելումներում և որոշ պրոտեինային փոշիներում։ Տաուրինը հանդիպում է նաև մսի, ձկան և ձվի մեջ։
Ջիվիշի Բաջաջի ղեկավարած հետազոտությունը ցույց է տվել, որ օրգանիզմում տաուրինը մատակարարվում է ոչ թե հենց քաղցկեղային բջիջների, այլ ոսկրածուծում գտնվող մոտակա առողջ բջիջների կողմից։ Հենց այնտեղ են հայտնվում և զարգանում միելոիդ քաղցկեղային բջիջները, ինչպիսին է լեյկեմիան։
Լեյկոզային բջիջներն ինքնուրույն չեն կարող տաուրին արտադրել, բայց կարող են այն վերցնել իրենց շրջապատող միջավայրից։
Կարևոր բացահայտում է արվել, երբ գիտնականները քարտեզագրել են ոսկրածուծի բարդ էկոհամակարգը։ Փորձագետները ցանկանում էին հասկանալ, թե ինչպես է քաղցկեղային բջիջները շրջապատող միջավայրն աջակցում հիվանդությանը, և ինչպես այն քանդել՝ ավելի արդյունավետ բուժման մեթոդներ մշակելու համար։
Հետազոտության հեղինակներն ասում են, որ երբ լեյկոզի բջիջները տաուրին են սպառում, գործընթացը խթանում է գլյուկոզայի քայքայումը՝ էներգիա ստանալու համար, որը սնուցում է քաղցկեղը։ Ըստ հեղինակների, մինչև սա հայտնի չէր, որ տաուրինը կարող է դեր խաղալ քաղցկեղի զարգացմանը նպաստելու գործում։
Բաջաջը խոստովանում է, որ սա բավականին նոր, բայց թեժ հետազոտական ոլորտ է։ Օրինակ, ստամոքսի քաղցկեղի դեպքում տաուրինի հավելման անցյալ տարվա հետազոտությունը կարող է օգուտ բերել՝ ամրապնդելով հիվանդների իմունիտետը։
Հետազոտության համահեղինակ և Ուիլմոտից ուռուցքաբան Ջեյն Լիսվելդի վկայությամբ, գիտնականները դեռ շատ բան ունեն պարզելու, թե ինչպես են գործում լեյկեմիայի բջիջները։
«Դոկտոր Բաջաջի աշխատանքը ցույց է տալիս, որ ոսկրածուծում տաուրինի տեղային մակարդակները կարող են ուժեղացնել լեյկեմիայի աճը, ինչը ենթադրում է զգուշություն տաուրինի հավելումները բարձր դեղաչափերով օգտագործելիս», — ասել է Լիսվելդը։
«Քանի որ տաուրինը էներգետիկ ըմպելիքների տարածված բաղադրիչ է և հաճախ տրամադրվում է որպես հավելում՝ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները մեղմելու համար, մեր աշխատանքը ենթադրում է, որ անհրաժեշտ է մանրակրկիտ դիտարկել լեյկեմիայով հիվանդների մոտ լրացուցիչ տաուրինի առավելությունները», - եզրափակել են հոդվածի հեղինակները։






