Սեմագլուտիդը պատկանում է GLP-1R ագոնիստներ կոչվող դեղերի խմբին և ցույց է տվել սննդի ընդունման և մարմնի քաշը նվազեցնելու գործում իր արդյունավետությունը։ Դեղամիջոցն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը որպես ճարպակալման և 2-րդ տիպի շաքարախտի բուժման մաս, բայց կարող է կողմնակի ազդեցություններ առաջացնել, մասնավորապես՝ սրտխառնոցը և մկանային զանգվածի կորուստը:

Գյոթեբորգի համալսարանին առընթեր Սահլգրենսկա ակադեմիայի գիտնականները նոր հետազոտության մեջ ցույց են տվել, որ գլխուղեղի՝ օգտակար ազդեցությունները, մասնավորապես՝ սննդի ընդունման կրճատումը և ճարպի այրումը վերահսկող նյարդային բջիջները հնարավոր է տարբերակել կողմնակի ազդեցություններին նպաստող բջիջներից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Metabolism բժշկագիտական  հանդեսում։

Գլխուղեղի վրա սեմագլուտիդի ազդեցությունը պարզելու համար հետազոտողները փորձեր են արել մկների վրա։ Նրանք հետևել են, թե որ նյարդային բջիջներն էին ակտիվանում դեղամիջոցից, և այնուհետև, առանց բուն դեղամիջոցը ներարկելու, կարողացել են խթանել այդ բջիջները։

Արդյունքում, մկները սկսել են ավելի քիչ ուտել և քաշ կորցրել, ինչպես որ լինում էր սեմագլուտիդով բուժվելիս։ Երբ այդ նյարդային բջիջները ոչնչացվել են, դեղամիջոցի ազդեցությունն ախորժակի և ճարպի այրման վրա զգալիորեն նվազել է։ Սակայն կողմնակի ազդեցությունները, մասնավորապես՝ սրտխառնոցը և մկանային զանգվածի կորուստը, պահպանվել են: 

Հայտնաբերված նյարդային բջիջները գտնվում են գլխուղեղի դորսալ թափառող նյարդ կոչվող հատվածում։ Հետազոտողների համար արդյունքը ոչ միայն առաջին քայլն է դեպի բուժման հնարավոր բարելավում, այլև նոր պատկերացում է տալիս, թե ինչպես է սեմագլուտիդը գործում գլխուղեղում: Այդ հետազոտությունը միաժամանակ ավելի խոր պատկերացում է տալիս, թե ինչպես է գլխուղեղի ցողունը կարգավորում մեր էներգետիկ հաշվեկշիռը։

«Սեմագլուտիդը և GLP-1R-ի այլ ագոնիստները ներկայում նշանակվում են ավելի ու ավելի շատ մարդկանց, ինչպես նաև ուսումնասիրվում են այլ հնարավոր ցուցումների համար, ինչպիսին են թմրամիջոցների օգտագործման խանգարումները և նեյրոդեգեներատիվ հիվանդությունները: Կարևոր է հասկանալ, թե ինչպես են այս դեղամիջոցներն իրականում գործում: Որքան լավ հասկանանք դա, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենանք դրանք բարելավելու համար»,-ընդգծել են հետազոտության հեղինակները: