Գիտնականները հետաքրքիր կապ են հայտնաբերել ցինկի օգտագործման եւ մարդկանց կենսաբանական ծերացման արագության միջեւ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Nutrition ամսագրում։

Ծերացումը դանդաղեցնելու ուղիներ փնտրելիս չինացի հետազոտողները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի մոտ 69 հազար մասնակիցների տվյալները: Նրանք ուշադրություն են հրավիրել հակաբորբոքային նյութերի կարեւոր դերի վրա, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ցինկը՝ միկրոտարր, որն օրգանիզմն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք օրական ցինկի առաջարկվող քանակությունն են օգտագործում, միջինը 0,11 տարով ավելի դանդաղ են կենսաբանորեն ծերանում, քան նրանք, որոնք բավարար քանակությամբ միկրոտարրը չեն ստանում: Հիմնական բացահայտումն այն էր, որ ցինկի առաջարկվող չափաբաժինը գերազանցելը (օրական ավելի քան 40 միլիգրամ) հանգեցնում է հակառակ ազդեցության՝ կենսաբանական ծերացման արագացմանը գրեթե 7 տարով:

Տղամարդկանց համար ցինկի առաջարկվող օրական քանակը 11 միլիգրամն է, իսկ կանանց համար՝ 8։ Հատկապես տպավորիչ արդյունքներ են ձեռք բերվել, երբ ցինկի օպտիմալ ընդունումը համակցվել է կանոնավոր ֆիզիկական ակտիվության հետ: Այս մասնակիցներն ունցել են 31 տոկոսով ցածր արագացված կենսաբանական ծերացման ռիսկ՝ այն խմբի համեմատ, որը ստացել է անբավարար ցինկ եւ վարել նստակյաց կենսակերպ: Ծերացման գործընթացների վրա ցինկի ազդեցության մեխանիզմը կապված է ԴՆԹ սինթեզի, սպիտակուցների նյութափոխանակության, նոր բջիջների ստեղծման եւ դրանց վերարտադրության վրա նրա ազդեցության հետ: Բացի այդ, այս հանքանյութն աջակցում է ոսկրերի առողջությանը, իմունային համակարգին, հորմոնալ հավասարակշռությանը եւ կարող է դեր խաղալ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման գործում:

Կարեւոր է նշել, որ աշխարհի բնակչության մոտ 17 տոկոսը տառապում է ցինկի պակասից: Սակայն գիտնականները զգուշացնում են այս միկրոտարրն ընդունելիս չափավորության պահպանման անհրաժեշտության մասին։

Սննդակարգում ցինկի հիմնական աղբյուրներն են ծովամթերքը, միսը, թռչնամիսը, կաթնամթերքը, ընկույզը եւ սերմերը: Ցինկի հավելումներ ընդունելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի կամ սննդաբանի հետ։

Ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար հետազոտողները խորհուրդ են տալիս համատեղել ճիշտ սնունդը կանոնավոր ֆիզիկական ակտիվության հետ՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ 75 րոպե ինտենսիվ վարժություն: Նույնիսկ ձեր առօրյա կյանքում փոքր փոփոխությունները, ինչպիսին են վերելակի փոխարեն աստիճաններով բարձրանալը կամ օրվա ընթացքում կանոնավոր ընդմիջումները, կարող են էական փոփոխություն կատարել ձեր օրգանիզմի երիտասարդությունը պահպանելու հարցում:

Հետազոտությունն ունի որոշակի սահմանափակումներ. այն հիմնված է հիմնականում եվրոպական բնակչության տվյալների վրա եւ չի հաստատում ուղղակի պատճառահետեւանքային կապ ցինկի ընդունման եւ դանդաղ ծերացման միջեւ: Բացի այդ, սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության մասին տեղեկատվությունը մասնակիցների կողմից ներկայացվել է ինքնուրույն, որը կարող է որոշակի վրիպանք պարունակել: