Արյան եւ մեզի անալիզները կարող են օգնել պարզել, թե ձեր սննդակարգի որքան մասն է կազմված արդյունաբերական արտադրության մթերքներից, նշվել է նոր հետազոտությունում: Քիմիական նյութերը, որոնք արտադրվում են, երբ օրգանիզմը վերամշակված սնունդն ու խմիչքը վերածում է էներգիայի, կարող են հայտնաբերվել մարդկանց արյան եւ մեզի մեջ, երեքշաբթի PLOS Medicine ամսագրում հայտնել են հետազոտողները:

Գիտնականները հայտնաբերել են, որ այս քիմիկատների որոշակի խմբեր, որոնք հայտնի են որպես մետաբոլիտներ, փոխկապակցված են մարդու կողմից օգտագործվող ուլտրավերամշակված սննդի քանակի հետ:

Այս մետաբոլիտների վրա հիմնված արդյունքները «թույլ են տալիս կանխատեսել ուլտրավերամշակված սննդի ընդունումը եւ կարող են նոր պատկերացումներ տալ գերմշակված սննդի դերի մասին մարդու առողջության համար»,- գրել է թիմը, որը գլխավորել է Քաղցկեղի ազգային ինստիտուտի մետաբոլիկ համաճարակաբանության ավագ հետազոտող Էրիկա Լոֆթֆիլդը:

Նոր հետազոտության համար գիտնականները վերլուծել են 718 տարեց մարդկանց արյան եւ մեզի նմուշները, ինչպես նաեւ սննդի օրագրերը՝ բացահայտելու համար գերմշակված սննդի հետ կապված մետաբոլիտները: Գործընթացը տեւել է մեկ տարի, եւ մասնակիցները տարվա սկզբին, կեսին եւ վերջում արյան նմուշներ են հանձնել:

Ընդհանուր առմամբ, հետազոտողները հայտնաբերել են արյան մեջ 191 եւ մեզի մեջ՝ 300 մետաբոլիտ, որոնք զգալիորեն փոխկապակցված են ուլտրավերամշակված սննդի օգտագործման հետ: Դրանցից նրանք ընտրել են 28 մետաբոլիտ արյան եւ 33 մետաբոլիտ մեզի մեջ՝ ավելի ճշգրիտ «հաշվարկի» համար, որպեսզի գնահատեն, թե որքան ուլտրամշակված սնունդ է կերել մարդը:

Հետազոտողներն այնուհետեւ փորձարկել են իրենց բացահայտումները լաբորատոր փորձի ժամանակ՝ 20 մարդու նշանակելով երկու տարբեր սննդակարգ, որոնցից մեկը պարունակում էր 80 տոկոս ուլտրավերամշակված սնունդ, իսկ մյուսը՝ ընդհանրապես չէր պարունակում: Յուրաքանչյուր մարդ երկու շաբաթ հետեւել է իրեն նշանակված սննդակարգին, որից հետո վերցվել են արյան եւ մեզի նմուշներ։

Արդյունքները ցույց են տվել, որ հայտնաբերված մետաբոլիտներն իսկապես համապատասխանում են ուլտրամշակված սննդի քանակին, որը մասնակիցներն օգտագործել են նախորդ երկու շաբաթվա ընթացքում: Չորս հոգուց բաղկացած փոքր խումբը ցույց է տվել, որ թեստերը կարող են նաեւ տարբերակել դիետաները, որոնք պարունակում են 30 եւ 80 տոկոս ուլտրավերամշակված սնունդ:

Հետազոտողների խոսքով՝ նմանատիպ թեստերը կարող են լուրջ խթան հանդիսանալ մարդու առողջության վրա ուլտրավերամշակված սննդանյութերի ազդեցությունը հասկանալուն ուղղված ջանքերում։