Կալիֆոռնիայի Դեւիսի համալսարանի գիտնականները պարզել են, որ մանգոն իջեցնում է արյան ճնշումը, ընդհանուր խոլեստերինը եւ վատ խոլեստերինը հետդաշտանադադարի փուլում գտնվող առողջ կանանց մոտ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սննդի ասոցիացիայի (JANA) ամսագրում:

«Հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանայք նյութափոխանակության փոփոխություններ են ունենում, որոնք կարող են ազդել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի վրա»,- նշել է Դեւիսի Կալիֆոռնիական համալսարանի կրտսեր գիտաշխատող եւ ուսումնասիրության համահեղինակ Ռոբերտա Հոլթը։

Գիտնականները նպատակ ունեին պարզել, թե արդյոք սննդակարգի փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա դաշտանային ցիկլի դադարից հետո: Դրա համար նրանք ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել են 50-70 տարեկան 24 գրեթե լիովին առողջ կանայք, որոնքր ավելորդ քաշ կամ ճարպակալում են ունեցել (մարմնի զանգվածի 25-40 ինդեքսով):

Երկու շաբաթվա ընթացքում մասնակիցները օրական կերել են երկու բաժին մանգո (330 գրամ, մոտ 1.5 բաժակ): Երկու ժամ անց մասնակիցների սիստոլիկ արյան ճնշումը պառկած դիրքում նվազել է մոտ վեց միավորով (6.3 միլիմետր սնդիկի սյուն), իսկ միջին զարկերակային ճնշումը՝ 2.3 միլիմետր սնդիկի սյուն:

Բացի այդ, երկու շաբաթվա ընթացքում կամավորների ընդհանուր խոլեստերինի մակարդակը նվազել է 12.9 մգ/դլ-ով: Ցածր խտության լիպոպրոտեինի (կամ «վատ») խոլեստերինի խտությունը նվազել է 12.6 մգ/դլ-ով:

«Ռիսկի այնպիսի գործոնները, ինչպիսին են բարձր արյան ճնշումը եւ խոլեստերինի բարձր մակարդակը, սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական պատճառներն են: Սակայն վաղուց ապացուցված է, որ սննդարար նյութերով եւ մանրաթելերով հարուստ սննդակարգը, այդ թվում՝ թարմ մրգերը, օգնում են պահպանել առողջությունը»,- եզրափակել են գիտնականները: