Յուղոտ սննդակարգից ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգի անցումը կարող է դանդաղեցնել ենթաստամոքսային գեղձում նախաքաղցկեղային փոփոխությունների զարգացումը։ Այս եզրակացությանն են հանգել Դևիսի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition (JN) ամսագրում։ Փորձի ընթացքում կրծողներին բաժանել են երեք խմբի. առաջինին նշանակել են բարձր յուղայնությամբ սննդակարգ, իսկ երկրորդին՝ ցածր յուղայնությամբ։ Երրորդ խումբը սկզբում սնվել է յուղոտ սննդով, իսկ հետո տեղափոխվել է ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգի։
Արդյունքները ցույց են տվել, որ այն մկների մոտ, որոնք շարունակել են սնվել յուղոտ սննդով, ավելի արագ են ի հայտ եկել ենթաստամոքսային գեղձի վաղ քաղցկեղի նշաններ և նկատվել է ավելորդ քաշի ավելացում։ Միևնույն ժամանակ, սննդակարգը փոխած կրծողների մոտ քաշը նորմալացել է, և նախաքաղցկեղային փոփոխությունների զարգացման ռիսկը նվազել է։
Հետազոտողները նաև արձանագրել են դրական փոփոխություններ աղիքային միկրոբիոմի կազմում, գեների էքսպրեսիայում և միջբջջային հաղորդակցության մեջ. այս գործընթացները կարևոր դեր են խաղում քաղցկեղային հիվանդությունների ձևավորման գործում և կայունացել են սննդակարգի փոփոխությունից հետո։
Աշխատանքի հեղինակներն ընդգծել են, որ չնայած հուսադրող արդյունքներին, դրանք ուղղակիորեն մարդկանց վրա կիրառելը դեռ վաղ է։
«Շատ դժվար է ուսումնասիրել մարդու մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ փուլերը, քանի որ առողջ հյուսվածքի բիոպսիա չի կատարվում», — պարզաբանել են գիտնականները։
Այնուամենայնիվ, նրանք հիշեցրել են. հավասարակշռված սնունդը մնում է հիվանդությունների կանխարգելման և բջջային մակարդակով առողջության պահպանման առանցքային գործոններից մեկը։