Հարավային Կորեայի Սոնգկյունգվան համալսարանի գիտնականները բացահայտել են երեք մոլեկուլ, որոնք կարող են դանդաղեցնել մաշկի ծերացման գործընթացը: Այս միացություններն արտադրվում են մարդու արյան մեջ ապրող հազվագյուտ բակտերիայի՝ Paracoccus sanguinis-ի կողմից: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Natural Products-ում (JNP):
Գիտնականները վաղուց են ուսումնասիրել, թե ինչպես են մանրէները եւ դրանց մետաբոլիտները՝ կենսական ակտիվության ենթամթերքները, ազդում մարդու առողջության վրա: Հատկապես հետաքրքիր են ինդոլային միացությունները, որոնք հայտնի են իրենց հակաբորբոքային, հակամանրէային եւ երիտասարդացնող հատկություններով: Այս միացություններն արտադրող P. sanguinis բակտերիան առաջին անգամ արյան մեջ հայտնաբերվել է 2015թ., սակայն դրա ներուժը դեռեւս լավ ուսումնասիրված չէ։
«Մենք հետաքրքրվեցինք P. sanguinis-ով, քանի որ արյան մեջ ապրող մանրէները քիչ են ուսումնասիրված»,- բացատրել է նախագծի ղեկավար, պրոֆեսոր Չունգ Սուբ Կիմը: «Արյան հոսքում առկա եզակի պայմանները կարող են նպաստել նախկինում անհայտ մետաբոլիտների արտադրությանը, որոնք կարեւոր դեր են խաղում առողջության եւ հիվանդությունների առաջացման հարցում»:
Թիմը մեծ քանակությամբ մանրէներ է աճեցրել եւ դրանցից մետաբոլիտների խառնուրդ ստացել՝ օգտագործելով ժամանակակից վերլուծական մեթոդներ, այդ թվում՝ սպեկտրոմետրիա, իզոտոպների պիտակավորում եւ հաշվողական տեխնոլոգիաներ: Արդյունքում՝ գիտնականները նույնականացրել են 12 տարբեր ինդոլային միացություններ, որոնցից վեցը նախկինում չեն նկարագրվել գիտական գրականությունում:
Այնուհետեւ հետազոտողները ստուգել են, թե ինչպես են այդ միացություններն ազդում մարդու մաշկի բջիջների վրա, որոնք ենթարկվել են օքսիդատիվ սթրեսի, վիճակ, որի դեպքում ռեակտիվ թթվածնային տեսակները վնասում են կոլագենը եւ առաջացնում բորբոքում: Փորձի ընթացքում երեք ինդոլային մետաբոլիտներ (ներառյալ երկու նորերը) զգալիորեն նվազեցրել են ռեակտիվ թթվածնային տեսակների, բորբոքային սպիտակուցների եւ կոլագենը քայքայող ֆերմենտների մակարդակը։
Հետազոտության հեղինակների խոսքով՝ արդյունքները հեռանկարներ են բացում մաշկի խնամքի նոր միջոցների ստեղծման եւ ծերացման դեմ թերապիաների մշակման համար։






