Մեկ օրում հինգ բաժակ մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը քնի որակը բարելավում է 16 տոկոսով։ Այսպիսի եզրակացության են եկել Չիկագոյի բժշկական եւ Կոլումբիական համալսարանների գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep Health ամսագրում։
Հեղինակները նշել են, որ բուսական ծագման սննդակարգն արդեն իսկ կապվել է քնի որակի բարելավման հետ։ Սակայն նոր ուսումնասիրությունն առաջինն է, որը ցույց է տվել ցերեկային սննդակարգի եւ նույն գիշեր օբյեկտիվորեն չափված քնի միջեւ հստակ ժամանակային կապ։
Գիտնականները հրավիրել են առողջ կամավորների, որոնց մոտ նախկինում անքնություն ախտորոշված չի եղել: Փորձի մասնակիցները բջջային հավելվածի միջոցով ամեն օր հաշվետվություններ են ուղարկել իրենց սննդի վերաբերյալ եւ կրել են հատուկ ապարանջաններ՝ իրենց քունը գնահատելու համար:
Հատուկ ուշադրություն է դարձվել այսպես կոչված քնի ֆրագմենտացիային, որը գիշերային արթնացումների եւ քնի փուլերի միջեւ անցումների հաճախականությունն արտացոլող ցուցանիշ է: Պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի շատ մրգեր, բանջարեղեն եւ առողջ ածխաջրեր են օգտագործել, ավելի երկարատեւ եւ խոր քուն են ունեցել: Հետազոտողների խոսքով՝ օրական հինգ բաժակ բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը 16 տոկոսով բարելավել է քնի որակը:
«16 տոկոսը բավական նշանակալի փոփոխություն է՝ հատկապես հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում 24 ժամվա ընթացքում»,- ասել է ուսումնասիրության համահեղինակ Էսրա Թասալին Չիկագոյի համալսարանի քնի կենտրոնից։
Նա ընդգծել է, որ սննդակարգի փոփոխությունը կարող է լինել քնի բարելավման բնական եւ մատչելի միջոց, որն ունի կարեւոր հանրային առողջապահական հետեւանքներ: Գիտնականներն այժմ պլանավորում են շարունակել իրենց աշխատանքը՝ այս ազդեցության պատճառահետեւանքային մեխանիզմներն ուսումնասիրելու եւ ուսումնասիրությունն ավելի ընդլայնելու ուղղությամբ:






