Կորեայում հետազոտողները Hirudo nipponia դեղաբույսի տզրուկի թքագեղձերում եզակի հակամանրէային պեպտիդ են հայտնաբերել, հաղորդում է Advanced Science-ը։ Կորեայի հիմնարար գիտությունների ինստիտուտի (KBSI) դոկտոր Լի Սոնգ-սուի գլխավորած թիմը, Չոսունի համալսարանի և Չունգբուկի ազգային համալսարանի գործընկերների հետ համատեղ, օգտագործել է նորարարական մեթոդներ՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների դեմ արդյունավետորեն պայքարելու համար նախատեսված նյութ գտնելու համար։

Հեռանկարային միացություններ գտնելու համար գիտնականներն օգտագործել են արհեստական ​​բանականություն, որը վերլուծել է տզրուկի ՌՆԹ-ի տվյալների բազան և նույնականացրել 19 պոտենցիալ պեպտիդ, գրում է Planet Today-ը։ Այնուհետև, կիրառելով առաջադեմ 3D հոլոտոմոգրաֆիա, որը հնարավորություն է տալիս դիտարկել բջիջներն առանց ներկանյութերի օգտագործման, հետազոտողներն արագորեն նույնականացրին ամենաարդյունավետ հակամանրէային պեպտիդը, որը կոչվում է հիրունիպին-2: Այս տեխնոլոգիան հնարավորություն տվեց իրական ժամանակում հետևել, թե ինչպես է նոր նյութը ոչնչացնում վտանգավոր մանրէները և քայքայում դրանց կենսաթաղանթները։

Հայտնի հակաբիոտիկների մեծ մասի նկատմամբ դիմացկուն սուպերբակտերիաները լուրջ սպառնալիք են ներկայացնում մարդկության համար, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դրանք դասում է ժամանակակից բժշկության հիմնական մարտահրավերներից մեկի շարքում։ Բնական հակամանրէային պեպտիդները, մասնավորապես՝ հիրունիպին-2-ը, համարվում են ավանդական դեղամիջոցների խոստումնալից այլընտրանք, քանի որ դրանք ավելի քիչ հավանականություն ունեն դիմադրողականություն զարգացնելու և նվազ թունավոր են օրգանիզմի համար։

Նախկինում եռաչափ հոլոտոմոգրաֆիան օգտագործվում էր միայն առանձին բջիջների հետազոտման համար, սակայն կորեացի գիտնականները կարողացան արդիականացնել մեթդաբանությունն ու օգտագործել այն միաժամանակ մի քանի միացություններ փորձարկելու համար։ Փորձերի ընթացքում պարզվել է, որ հիրունիպին-2-ը ոչ միայն ինքնուրույն ոչնչացնում է մանրէները, այլև ուժեղացնում է հայտնի հակաբիոտիկների, մասնաորապես՝ քլորամֆենիկոլի և ցիպրոֆլոքսացինի ազդեցությունը:

Դոկտոր Լի Սոնգ-սուն նշել է, որ իրենց թիմն առաջինն էր, որ համատեղեց բնական միացությունների վերլուծությունը 3D հոլոտոմոգրաֆիայի հետ՝ սուպերբակտերիաների դեմ պայքարի նոր միջոցներ փնտրելու համար։ Ըստ նրա՝ այս տեխնոլոգիայի ներդրումը զգալիորեն արագացնում է դեղերի հայտնաբերումը՝ լաբորատոր հետազոտությունների ժամանակը մի քանի տարուց կրճատելով մինչև մի քանի ամիս։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ հիրունիպին-2-ի բոլոր փորձարկումները մինչ այժմ անցկացվել են միայն բակտերիալ կուլտուրաների վրա լաբորատոր պայմաններում, մինչդեռ մարդկանց վրա կլինիկական փորձարկումներին անցումը լրացուցիչ ժամանակ կպահանջի։ Բացի դրանից, բնական պեպտիդների զանգվածային արտադրությունը կարող է ավելի թանկ լինել, քան սինթետիկ նմանօրինակները։