Օկլահոմայի բժշկական քոլեջի և Յեյլի համալսարանի ամերիկացի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որը բացահայտել է օլեինաթթվի մեծ քանակությամբ օգտագործման և ճարպակալման ռիսկի բարձրացման միջև հավանական կապը։ Գիտնականներն իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են Cell Reports բժշկագիտական  հանդեսում։

Մասնագետները կենտրոնացել են ճարպերի ազդեցության վրա օրգանիզմում լիպիդների կուտակմանն առնչվող բջջային գործընթացների վրա։ Փորձը կատարվել է լաբորատոր կրծողների վրա։ Պարզվել է, որ երբ օլեինաթթուն մեծ քանակությամբ սննդի հետ մտնում է օրգանիզմ, այն ակտիվացնում է AKT2 սպիտակուցը՝ միաժամանակ ճնշելով LXR սպիտակուցի ակտիվությունը։ Այդ կենսաքիմիական ազդեցությունը հանգեցնում է ճարպային հյուսվածքին նախորդող բջիջների բաժանման աճի։

Նախագծի հեղինակները պարզաբանել են, որ օրաբաժնում ավելորդ կալորիաները ճարպային բջիջների թվի աճի՝ հետևաբար ճարպակալման են հանգեցնում։ Արդյունքում զարգանում են բորբոքային պրոցեսներ և բոլոր տեսակի հիվանդություններ, դրանց թվում՝ շաքարախտ և սրտի հիվանդություններ, գրում է Planet Today-ը։

Միաժամանակ չարժե մեկ այլ ծայրահեղության մեջ ընկնել, հիշեցնում են մասնագետները։ Օլեինաթթուն կարևոր սննդային բաղադրիչ է, այն օգտակար է, բայց միայն ողջամիտ քանակությամբ: Ավելորդ քաշ ունեցող և սրտի հիվանդությունից տառապող մարդիկ պետք է հատկապես ուշադիր լինեն իրենց սննդակարգի նկատմամբ և, առաջին հերթին, խուսափեն վերամշակված ճարպեր պարունակող սննդամթերքից և արագ սնունդից։