50 տարեկանից փոքր մարդկանց շրջանում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում։ Հնարավոր պատճառներից են արևմտյան սննդակարգը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը և հակաբիոտիկների օգտագործումը, հատկապես մանկության և պատանեկության տարիներին։

Սակայն, եթե հաստ աղիքի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում, ապաքինման հավանականությունը շատ ավելի բարձր է։ Ահա թե ինչու Հան-Շիկարդը համագործակցում է Շլեզվիգ-Հոլշտայնի համալսարանական հիվանդանոցի և Գերմանիայի քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի նախագծի գործընկերների հետ՝ արյան նմուշներում քաղցկեղը հայտնաբերելու նոր եղանակներ մշակելու նպատակով։

Հեղուկ կենսազննման (բիոպսիա) խմբի ղեկավար, դոկտոր Պիտեր Յուլգի գլխավորած հետազոտական ​​​​խումբը Analytical Chemistry բժշկագիտական հանդեսում հաստ աղիքի քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր խոստումնալից մոտեցում է հրապարակել:

«Իմունոպրեսիպիտացիայի և մուլտիպլեքս թվային պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) համադրությունը պլազմայի փոքր ծավալներում բջջային ազատ ԴՆԹ մեթիլացման հայտնաբերման համար վաղ հաստ աղիքի քաղցկեղի դեպքում» հոդվածում նկարագրվում է արյան հետազոտություն, որը հիմնված է երկու հայտնի եղանակների՝ իմունոպրեսիպիտացիայի և մուլտիպլեքս թվային ՊՇՌ-ի նորարարական համադրության վրա։

«Վերջին տարիներին արյան մեջ արդեն հաստ աղիքի քաղցկեղի խոստումնալից մարկերներ են հայտնաբերվել։ Այսպիսով, հիմքը դրվել է,- ասում է հետազոտող և ուսումնասիրության առաջին հեղինակ Տրուոնգ-Տու Տրուոնգը, որը թեստը մշակել է Կլարա Միկլոշկայի հետ։- Այնուամենայնիվ, կլինիկական պրակտիկայում լայն կիրառումը դեռևս սկզբնական փուլում է։ Մեր նոր եղանակի հետ համատեղելով առկա ուռուցքային մարկերները՝ մենք վճռական քայլ ենք կատարում դեպի կլինիկական կիրառություն, հատկապես որ մենք զգալիորեն կրճատում ենք գործնական դժվարությունները, ինչպիսին է արյան անհրաժեշտ քանակը»։  

Նոր եղանակը շրջանցում է այդ խնդիրը՝ օգտագործելով նուրբ, որակի առումով չեզոք նմուշի պատրաստում, միաժամանակ ապահովելով բարձր ախտորոշիչ ճշգրտություն. 32 հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների և 29 վերահսկիչ խմբի մասնակիցների մասնակցությամբ փորձնական ուսումնասիրության ընթացքում թեստի զգայունությունը կազմել է 85%, իսկ յուրահատկությունը՝ 90%՝ նմուշի ծավալը 20 անգամ փոքր լինելով նմանատիպ ճշգրտությամբ գործող եղանակներից։

Ձեզ անհրաժեշտ է ընդամենը 500 մկլ արյան պլազմա, որը համարժեք է մոտ մեկ հինգերորդ թեյի գդալի։

Մինչև նման արյան անալիզը ռուտինային ախտորոշիչ նպատակներով օգտագործելը, անհրաժեշտ են շատ ավելի շատ հետազոտություններ։

Երիտասարդ գիտնական Ջուդիթ Սամը, որը շարունակում է մշակել պրոոցեդուրան, ցանկանում է ներդնել լրացուցիչ մարկերներ՝ ախտորոշման ճշգրտությունն էլ ավելի բարելավելու համար։

Միաժամանակ, հետազոտական ​​​​խումբը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների շրջանում հաստ աղիքի քաղցկեղի աճող ռիսկի վերաբերյալ իրազեկվածությունը և խրախուսել նրանց սեփական առողջության նկատմամբ ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել։