Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of the American Academy of Child & Adolescent Psychiatry ամսագրում, ցույց է տվել, որ կանոնավոր ֆիզիկական վարժությունները տրամադրության խանգարումներից տառապող երեխաների և դեռահասների բուժման լավագույն մեթոդներից են։ Գիտնականները պարզել են, որ տագնապն ու դեպրեսիան նվազում են, երբ երեխաները մասնակցում են կազմակերպված ֆիզիկական վարժությունների ծրագրերի։

Վերլուծել են 375 կլինիկական փորձարկումների տվյալներ, որոնց մասնակցել է 5-ից 18 տարեկան ավելի քան 38 000 երեխա։ Ըստ արդյունքների, տագնապի մակարդակը նվազել է, երբ մասնակիցները զբաղվել են ցածր ինտենսիվության ուժային մարզումներով, ինչպիսին է ծանրություն բարձրացնելը։

Իսկ դեպրեսիվ ախտանշանները բարելավվել են աերոբիկ և ուժային վարժությունները համատեղող միջին ինտենսիվության մարզումների դեպքում։ Օգուտը զգալի է եղել՝ անկախ նրանից, թե մասնակիցները շաբաթական 1, թե 3 օր են զբաղվել սպորտով։

Ըստ գիտնականների, այս արդյունքները վկայում են, որ ֆիզիկական վարժությունները կարող են օգնել բարելավել երեխաների տրամադրությունը՝ առանց դեղամիջոցների, օրինակ՝ հակադեպրեսանտների, օգտագործման։