Թեև շնչառական համակարգը միկրոպլաստիկների և նանոպլաստիկների (ՄՆՊ) օդից օրգանիզմ թափանցելու հիմնական աղբյուրներից մեկն է, այս փոքրիկ մասնիկների՝ թոքերի վրա ազդեցության մասին քիչ բան է հայտնի։ Վիեննայի MedUni բժշկական համալսարանի հետազոտողներն առաջին անգամ ցույց են տվել, որ ՄՆՊ-ներն ի վիճակի են թոքերի բջիջներում քաղցկեղի զարգացմանն առնչվող չարորակ փոփոխություններ հարուցել։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Hazardous Materials բժշկագիտական հանդեսում և ևս մեկ անգամ ընդգծում են պլաստիկ թափոնների քանակը կրճատելու համար միջոցներ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը։
Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, թե ինչպես են պոլիստիրոլային միկրո- և նանոպլաստիկները (PS-MNPS) փոխազդում թոքերի տարբեր տեսակի բջիջների հետ։
Պոլիստիրոլը պլաստիկ է, որը լայնորեն օգտագործվում է առօրյա իրերի մեջ, դրանց թվում՝ սննդի փաթեթավորման և միանգամյա օգտագործման իրերի, մասնավորապես՝ յոգուրտի և սուրճի բաժակների մեջ։ Հետազոտության անսպասելի արդյունքը. առողջ (ոչ չարորակ) թոքային բջիջները PS-MNPS-ի հատկապես փոքր մասնիկները (0,00025 միլիմետր) զգալիորեն ավելի հաճախ են կուլ տալիս, քան չարորակ քաղցկեղային բջիջները, և արձագանքում են կենսաբանական փոփոխություններով, որոնք էլ ավելի են ընդգծում MNPS-ին առնչվող առողջական ռիսկերը:
Մասնավորապես, մասնիկների ազդեցությանը ենթարկվելուց հետո առողջ բջիջները սկսցին բջջային միգրացիայի աճի միտում, ԴՆԹ-ի վնասում, օքսիդատիվ սթրես, բջիջների աճն ու գոյատևումը խթանող ազդանշանային ուղիների ակտիվացում ցուցաբերել. այս բոլոր գործընթացները քաղցկեղի զարգացման վաղ նշաններ են համարվում։
Մինչ թոքերի քաղցկեղի բջիջները նույն պայմաններում մնացել են համեմատաբար անփոփոխ, նույնիսկ MNPS-ի կարճատև ազդեցությունը կարող է բավարար լինել չարորակ փոփոխություններին առնչվող ուղղությամբ՝ առողջ թոքերի բջիջներին ազդելու համար։ Ըստ վերջին հետազոտությունների՝ բջիջների պաշտպանական մեխանիզմները ևս ակտիվացել են պոլիստիրոլի մասնիկների ազդեցության տակ։
«Մենք հակաօքսիդանտային պաշտպանական համակարգերի ակտիվացում նկատեցինք, ինչը նշան է, որ բջիջներն ակտիվորեն պաշտպանվում են պլաստիկ մասնիկների պատճառած սթրեսից»,- պարզաբանել է հետազոտության առաջին հեղինակ Բյուսրա Էրնհոֆերը։
Թոքերը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող միկրոպլաստիկների ազդեցության հիմնական աղբյուրներից մեկն են համարվում։






