Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը (ՈՍԽԿ) տառապանք է պատճառում միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Այն ախտահարում է հաստ աղիքը՝ առաջացնելով ցավ, սպազմեր և արյունային լուծով հաճախակի կղազատում։ Ներկայումս դեղամիջոց գոյություն չունի։ Աղիքային միկրոֆլորան կենսական դեր է խաղում ՈՍԽԿ-ի դեպքում, սակայն դրա ստույգ դերը պարզ չէ։ Առողջ մարդկանց աղիքային միկրոֆլորան պարունակում է մանրէների մեծ բազմազանություն, որոնք օգնում են մարսողությանը և օգուտ են տալիս ամբողջ օրգանիզմին։ Սակայն ՈՍԽԿ-ով հիվանդների աղիքային միկրոֆլորան անհավասարակշիռ է. դրանում ավելի քիչ են օգտակար մանրէները և ավելի շատ՝ վնասակարները։ Այս վիճակը հայտնի է որպես դիսբակտերիոզ։

Science Immunology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ Օսակայի համալսարանի գլխավորած միջգերատեսչական հետազոտական խումբը պարզել է, որ դիսբակտերիոզի, OTUD3 գենի մուտացիաների և STING սպիտակուցով պայմանավորված իմունային պատասխանի ազդանշանների փոխանցման համակցությունը խորացնում է ՈՍԽԿ-ն։

OTUD3 գենի այս սպեցիֆիկ մուտացիաները, որոնք հայտնի են որպես մեկնուկլեոտիդային տարբերակներ կամ SNP, համարվում են ՈՍԽԿ-ի զարգացման ռիսկի գործոն։ Գիտնականների թիմի բացահայտման բանալին դարձել է առողջ մարդկանց և ՈՍԽԿ-ով հիվանդների աղիքային միկրոֆլորայի ուսումնասիրությունը։

«Մենք առողջ մարդկանց և ՈՍԽԿ-ով հիվանդների աղիքային միկրոֆլորան տեղափոխել ենք մուտանտ OTUD3-ով և նորմալ OTUD3-ով մկների օրգանիզմ։ Միակ մկները, որոնց մոտ զարգացել են ՈՍԽԿ-ի ախտանշաններ, եղել են OTUD3 մուտանտ գենով մկները, որոնց օրգանիզմ ներմուծվել է ՈՍԽԿ-ի միկրոֆլորա», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ Բո Լին։

Այնուհետև հետազոտողները կապ են փնտրել դիսբակտերիոզի և OTUD3 գենի մուտացիայի միջև։ Պատասխանը STING սպիտակուցի մեջ է, որն ակտիվանում է աղիքային միկրոֆլորայի մանրէների կողմից՝ մուտացված OTUD3-ի առկայության դեպքում։ «Մենք պարզել ենք, որ ՈՍԽԿ-ով մարդկանց մոտ դիսբակտերիոզը հանգեցնում է STING ազդանշանների փոխանցման ակտիվացման, ինչը հանգեցնում է հաստ աղիքի բորբոքման։ Երբ մենք ՈՍԽԿ առաջացնող աղիքային միկրոֆլորան տեղափոխեցինք առանց STING գենի OTUD3 մուտանտ մկների օրգանիզմ, ՈՍԽԿ-ի որևէ ախտանշան չհայտնաբերեցինք», - բացատրել են գիտնականները։

Հետազոտական խմբի արդյունքները ցույց են տալիս, որ խոցային կոլիտի դեպքում գեներն ու աղիքային միջավայրը գործում են համատեղ, և որ երկուսն էլ կարող են կարևոր լինել ՈՍԽԿ-ի բուժման նոր մեթոդների որոնման հարցում։