Բարսելոնայի Գենոմային կարգավորման կենտրոնի (CRG) գիտնականները անսպասելի հայտնագործություն են արել. լիմֆոմայի ագրեսիվ տեսակի՝ Mantle Cell Lymphoma-ի մոտ առկա է հիվանդության զարգացումը խթանող նոր, նախկինում անհայտ մեխանիզմ։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nucleic Acids Research ամսագրում։

Խոսքը գենոմի «վերածրագրավորման» երևույթի մասին է, երբ քրոմոսոմային տեղափոխությունը (տրանսլոկացիան) ակտիվացնում է ոչ թե մեկ առանձին գեն, այլ միանգամից տասնյակ գեներ։

Սովորաբար համարվում է, որ տրանսլոկացիաները փոխում են քրոմոսոմի «բեկման» հատվածում գտնվող երկու-երեք գեների ակտիվությունը, օրինակ՝ խզելով դրանցից մեկը կամ ստեղծելով նոր հիբրիդային սպիտակուց։ Սակայն Nucleic Acids Research ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այս լիմֆոմայի համար ամենատիպիկ դեպքը՝ 14-րդ և 11-րդ քրոմոսոմների միջև ֆրագմենտների փոխանակումը, հզոր կարգավորիչը (IGH ուժեղացուցիչը) տեղափոխում է գեների մի ամբողջ կլաստերի մոտ։ Արդյունքում ավելի քան 50 գեն միանգամից դառնում է գերակտիվ։

Հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Ռենե Բիկմանը խոստովանել է. «Մենք չէինք սպասում, որ մեկ տրանսլոկացիան կարող է ուժեղացնել մեկ քրոմոսոմի բոլոր գեների գրեթե 7%-ի էքսպրեսիան։ Ազդեցության մասշտաբները հսկայական էին»։

Գիտնականները CRISPR-ի միջոցով վերստեղծել են այս վերակառուցումը լաբորատոր բջիջներում, այսինքն՝ պատճենել են պացիենտների մոտ առկա իրավիճակը և ուսումնասիրել այն վերահսկվող պայմաններում։ Բջջի ներսում ԴՆԹ-ի տարածական կառուցվածքի վերլուծությունը ցույց է տվել, որ ուժեղացուցիչը հայտնվում է քրոմատինի առկա օղակի մեջ՝ միաժամանակ դառնալով բազմաթիվ գեների «սուպերմենեջեր»։

Այս հայտնագործությունը փոխում է լիմֆոմաների մեխանիզմների մասին պատկերացումները. այժմ շեշտը տեղային մուտացիաներից տեղափոխվում է գեների կարգավորման գլոբալ փոփոխությունների վրա։ Սրա կարևորությունը հսկայական է. ընդլայնվում է դեղամիջոցների համար պոտենցիալ թիրախների ցանկը, ինչը նշանակում է, որ մեծանում են Mantle Cell Lymphoma-ի՝ քաղցկեղի այս դեռևս անբուժելի տեսակի համար ավելի արդյունավետ բուժում գտնելու հեռանկարները։