Շվեյցարիայի գիտնականները ցույց են տվել, որ հատուկ ֆիթնես խաղերը, որոնք համատեղում են ֆիզիկական ակտիվությունը և ճանաչողական առաջադրանքները, կարող են դանդաղեցնել դեմենցիայի զարգացումը վաղ փուլերում: Աշխատանքը հրապարակվել է Alzheimer բժշկագիտական հանդեսում:
Փորձերին միջին հաշվով մասնակցել է մոտ 73 տարեկան 40 մարդ: 12 շաբաթվա ընթացքում նրանք շաբաթական հինգ անգամ մարզվել են տանը 25 րոպե՝ էկրանից հատուկ վահանակի վրա վարժություններ կատարելով: Խաղերը պահանջում էին միաժամանակյա շարժում և հիշողության, ուշադրության և տարածական ընկալման խնդիրների լուծում: Մարզումից հետո մասնակիցները կատարել են շնչառական վարժություններ՝ թափառող նյարդը խթանելու և լրացուցիչ ուղեղի ճանաչողական կենտրոններն ակտիվացնելու համար:
Արդյունքները տպավորիչ էին: Մասնակիցները ցույց են տվել հիշողության և ճանաչողական գործառույթների նկատելի բարելավում, ինչն արտացոլվել է առօրյա կյանքում. նրանց համար ավելի հեշտ է եղել գլուխ հանել գնումներից, շփումներից և սթրեսային իրավիճակներից: Վերահսկիչ խմբում, որտեղ մարդիկ շարունակել են ավանդական թերապիան, ընդհակառակը, վիճակը վատթարացել է, ինչը համապատասխանում է հիվանդության բնորոշ ընթացքին:
Հատկապես կարևոր էր, որ փոփոխություններ են նկատվել նաև ուղեղի մակարդակում: Մագնիսական ռեզոնանսային շերտագրությունը ցույց է տվել հիշողության համար պատասխանատու հատվածների՝ հիպոկամպի և թալամուսի ծավալի աճ, ինչպես նաև բարելավումներ առաջային գանգոսկրի և նախաճակատային կեղևի մեջ: Վերահսկիչ խմբում այդ կառուցվածքների ծավալն, ընդհակառակը, նվազել է: Գիտնականները նշում են, որ հիպոկամպի նվազումը համարվում է դեմենցիայի վաղ նշաններից մեկը, ուստի դրա ծավալի աճն ընդամենը երեք ամսվա մարզումից հետո ուղեղի պլաստիկության համոզիչ ապացույց է, նույնիսկ տարեց մարդկանց շրջանում։
«Մեր արդյունքները վստահություն են ներշնչում ապագայի նկատմամբ,- ասում է նախագծի ղեկավար, պրոֆեսոր Էլինգ դե Բրուինը: -Սակայն ապացուցելու համար, որ անհատականացված խաղային մարզումները կարող են ոչ միայն դանդաղեցնել, այլև կանխել դեմենցիայի զարգացումը, ավելի լայնածավալ և երկարատև հետազոտություններ են պահանջում»:






