1907 թվականին ամերիկացի բժիշկ Դունկան ՄըքԴուգալը, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հեյվերհիլ քաղաքից, որոշել է փորձել ապացուցել մարդկային հոգու գոյությունը։ Իր փորձի համար նա օգտագործել է մահամերձ մարդկանց և մի քանի շների, որոնք դիտավորյալ սպանվել են այդ նպատակով։ Չնայած ՄըքԴուգալը պնդում էր, որ ապացուցել է հոգու գոյությունը և նույնիսկ որոշել է դրա զանգվածը, գիտնականները հերքել են այդ սարսափելի փորձի արդյունքները, գրում է IFLScience-ը։
Դունկան ՄըքԴուգալը կարծում էր, թե մարդու հոգին ֆիզիկական զանգված ունի, և, հետևաբար, այն կարելի է որոշել կշեռքների միջոցով։ Բժիշկը կարծում էր, թե երբ հոգին լքում է մարմինը, մարմնի զանգվածը նվազում է, ինչը նշանակում է, որ մարդու մահից առաջ և մահից հետո քաշի միջև տարբերությունը կլինի հոգու զանգվածը, որը, հավանաբար, գնացել է դրախտ։
Փորձն անցկացնելու համար ՄըքԴուգալը հատուկ մահճակալ էր կառուցել, որը ծառայում էր որպես մեծ կշեռք, հաղորդում է Фокус-ը։ Բժիշկը գտել էր վեց կամավորի, որոնք բոլորը մահամերձ վիճակում էին և մահանում էին տուբերկուլյոզից։ Այդ մասնակիցները պատահականորեն չեն ընտրվել, քանի որ նրանք անշարժ էին մահից առաջ, ինչը նշանակում է, որ կշեռքը պետք է մահից առաջ և հետո չափեր նրանց մարմնի ճշգրիտ քաշը։
Երբ մահացող մարդուն տեղափոխեցին մահճակալին, կշեռքը դրվել է զրո նիշի վրա։ Այնուհետև բժիշկը հետևել է նրանց քաշի փոփոխություններին ընդհուպ մինչև մահը։
Փորձը ցույց է տվել, որ մահվան պահին մեկ բուժառուի քաշը նվազել է 21,3 գրամով։ Մյուս մահացածները կորցրել են մոտ 20 գրամ։ Այսպիսով, ՄըքԴուգալը եզրակացրել է, որ ինքը ապացուցել է հոգու գոյությունը, և որ այն կշռում է մոտ 21 գրամ։
Դրանից հետո բժիշկը որոշել է վերահսկիչ փորձ անցկացնել։ Նա վերցրել է 15 հիվանդ շների, որոնցից մի քանիսին դիտավորյալ սպանել է, քանի որ նրանք դանդաղ էին մահանում, և այնուհետև նրանց դրել է կշեռքի վրա։ ՄըքԴուգալը պնդում էր, թե կենդանիները կորցնելու հոգի չունեն, ուստի նրանք չպետք է թեթևանան մահից հետո։ Իրոք, ըստ բժշկի չափումների, շները մահից հետո ոչ մի քաշ չեն կորցրել։
ՄըքԴուգալն իր եզրահանգումները հրապարակել է տեղական թերթերում և նույնիսկ գիտական հանդեսում։ Սակայն գիտնականներն անմիջապես քննադատել են այդ տարօրինակ փորձի արդյունքները։
ՄըքԴուգալի արդյունքները կասկածելի մեթոդաբանության պատճառով սկզբից ևեթ թերի էին: Բժիշկն ինքը խոստովանել է, որ դժվար է ճշգրիտ որոշել մահվան պահը: Բուժառուների շատ փոքր նմուշի մոտ նկատվող քաշի ցանկացած փոփոխություն կարող է վերագրվել քրտնարտադրության ավելացմանը և խոնավության գոլորշիացմանը, որը տեղի է ունենում, երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մահից կարճ ժամանակ անց, քանի որ արյունը այլևս չի սառեցվում արյան շրջանառության միջոցով: Շները չեն քրտնում, բայց եթե քրտբնում էլ են, հիմնականում թաթերի միջոցով, ինչը նշանակում է, որ քաշի կորուստը ևս նվազագույն կլինի:






