Իսպանուհի Մարիա Բրանյասը մահացել է անցյալ տարի՝ 117 տարեկանում։ Նրա գենոմի վերլուծությունը ցույց է տվել, որ նրա կենսաբանական տարիքը զգալիորեն ավելի երիտասարդ է եղել, քան պաշտոնականը։
Փորձագետները վաղուց հետաքրքրված են գերերկարակյաց մարդկանցով (առնվազն մինչև 110 տարի ապրած մարդկանցով), քանի որ նրանց երկարակեցության գաղտնիքը առողջ ծերացման բանալին է։
Մահվանից կարճ ժամանակ առաջ՝ 2024 թվականի օգոստոսին, Մարիա Բրանյասը համաձայնել էր օգնել իսպանացի գիտնականների մի խմբի՝ դրա գաղտնիքը պարզելու համար, հաղորդում է Euronews-ը։ Երբ նա 116 տարեկան էր, մասնագետները հավաքել էին արյան, թքի, մեզի և կղանքի նմուշներ՝ նրա միկրոբիոմը վերլուծելու (այսինքն՝ մարդու օրգանիզմում բնակվող մանրէների ամբողջությունը) և նույն տարիքի մարդկանց հետ արդյունքները համեմատելու համար։
Բրանյասի մոտ առկա էին զգալի տարիքի կենսամարկերներ, այդ թվում՝ կարճացած թելոմերներ, որոնք բջիջների ծերացման ցուցիչ են։ Նրա օրգանիզմում նաև մեծ քանակությամբ B-բջիջներ կային, որոնք կուտակվում են տարիքի հետ։
Գիտնականները նաև արձանագրել են կլոնալ հեմատոպոեզ, երբ հեմատոպոետիկ ցողունային բջիջները արյան բջիջներ են արտադրում նույն մուտացիայով, ինչը բնորոշ է տարեց մարդկանց։
Միևնույն ժամանակ, Բրանյասի օրգանիզմում բորբոքման ցածր մակարդակ է հայտնաբերվել, «երիտասարդացած» աղիք և զարմանալիորեն երիտասարդ էպիգենոմ։
Հետազոտողները Բրանյասին անվանել են «բացառիկ մարդ» և նշել, որ նրա գենետիկ կոդում եղել են անսովոր տարբերակներ, որոնք պաշտպանել են նրան առողջական տարածված խնդիրներից, ներառյալ սրտի հիվանդությունները, շաքարախտը և նյարդադեգեներացիան, մասնավորապես՝ Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները։
«Cell Reports Medicine» ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողներն ընդգծում են, որ իրենց արդյունքները «թարմ հայացք են առաջարկում մարդու ծերացման կենսաբանության վերաբերյալ»՝ առանձնացնելով առողջ ապրելակերպի կենսամարկերները և կյանքի տևողությունը մեծացնելու հնարավոր ռազմավարությունները։
Թեև Բրանյասի գենետիկան, ակնհայտորեն, զգալի դեր է խաղացել նրա երկարակեցության գործում, հետազոտողները, այնուամենայնիվ, փորձել են պարզել, թե նրա ո՛ր սովորություններն ու կենսակերպն են օգնել նրան ապրել մինչև 117 տարի։
Գերերկարակյաց կինն օրական մինչև երեք յոգուրտ էր ուտում, ինչը, ըստ գիտնականների, կարող էր նպաստել աղիքների առողջությանը և մարմնի քաշի պահպանմանը։ Նա հետևում էր միջերկրածովյան դիետային և քնի առողջ սովորություններին, մնում էր ֆիզիկապես ակտիվ և ընդհանուր առմամբ ուներ լավ հոգեկան առողջություն։
Բրանյասը նաև վարում էր ակտիվ սոցիալական կյանք և պարբերաբար ժամանակ էր գտնում հոբբիների համար՝ ընթերցանություն, դաշնամուր նվագել և պարտեզի խնամք, այլ կերպ ասած՝ վարում էր լիարժեք կյանք։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ որոշակի պայմաններում ծերացումն ու հիվանդությունները անքակտելիորեն կապված չեն»,- ընդգծում են հետազոտողները՝ վիճարկելով տարածված հակառակ կարծիքը։






