Դեղերի դրոշմապիտակավորման մասին նոր օրենքի գործարկման հետեւանքով դեղերի գների էական բարձրացում չի լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Մենք հստակ հաշվարկներ ենք իրականացրել եւ, ըստ այդ հաշվարկների, որոնք բազմիցս ներկայացրել ենք հանրությանը, գների էական փոփոխություններ չեն նախատեսվում», - ասել է Արմեն Մուրադյանը:
Նա նաեւ նշել է, որ որակի եւ անվտանգության բարձրացմանը նպաստող ցանկացած գործողություն, «որը չի արվում ի հաշիվ սպառողների», առողջապահության նախարարության համար ընդունելի է, մանավանդ եթե դա վերաբերում է դեղամիջոցներին:
Նախարարը կարծում է, որ դեղարտադրողներն ու ներկրողները հասկանում են այս բարեփոխման իմաստը, որը բազմիցս նրանց հետ քննարկվել է: Իհարկե, դեռ բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան, բայց այդ խնդիրները, նախարարի խոսքով, կարելի է աշխատանքային կարգով լուծել:
Հիշեցնենք, որ մասնավոր հատվածի ներկայացուցիչների կարծիքով, նոր օրենքը մի շարք լուրջ խնդիրներ է ստեղծում դեղամիջոցներ արտադրող եւ ներմուծող կազմակերպությունների համար: Հիշեցնենք նաեւ, որ մի քանի օր առաջ Դեղարտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դեղերի դրոշմապիտակավորման մասին նոր օրենքի գործարկման հետեւանքով դեղերի գները Հայաստանում ոչ թե 2-5 դրամով կբարձրանան, այլ՝ շատ ավելի, քանի որ դրոշմապիտակավորումը մի շարք նոր, նախկինում չնախատեսված ծախսեր է ստեղծում դեղարտադրողների եւ ներմուծողների համար:






